
ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի ռուսաստանցի համանախագահ Իգոր Խովաևը նշանակվել է Ռուսաստանի արտգործնախարարի հատուկ ներկայացուցիչ Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունների բարելավման հարցով: Այդ մասին հաղորդել է Ռուսաստանի ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան:
«Հատուկ հանձնարարություններով դեսպան Իգոր Խովաևը կշարունակի աշխատանքը նոր պաշտոնում՝ որպես Ռուսաստանի արտաքին գործերի նախարարի հատուկ ներկայացուցիչ: Ուշադրության կենտրոնում կլինի խաղաղության պայմանագրի նախապատրաստումը: Ակնկալում ենք Բաքվում և Երևանում մեր դաշնակիցների և գործընկերների կողմից աջակցություն Խովաևի ջանքերին: Բաց ենք կառուցողական համագործակցության մյուս հետաքրքրված դերակատարների հետ», ասել է Զախարովան:
Նա ասել է, թե Խովաևի նոր կարգավիճակը կապված է ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի շրջանակներում Մոսկվայի հետ շփումներից հրաժարվելու Վաշինգտոնի և Փարիզի դիրքորոշման հետ: