
Հայաստանը Թուրքիային առաջարկել է բացել ցամաքային սահմանը դիվանագիտական անձնագրեր կրող անձանց համար, սակայն թուրքական կողմը հապաղում է: Այս մասին «Արմենպրեսին» ասել է Հայաստանի արտգործնախարարության խոսնակը։
Վահան Հունանյանը նաև հաստատել է, որ Հայաստանի և Թուրքիայի հատուկ ներկայացուցիչների հաջորդ հանդիպումը կարող է տեղի ունենալ Վիեննայում։
Երեկ Թուրքիայի արտգործնախարարը NTV հեռուստաալիքի ուղիղ եթերում ասել էր, որ Հայաստանի և Թուրքիայի հատուկ բանագնացների երրորդ հանդիպումը կկայանա Վիեննայում՝ չհստակեցնելով հանդիպման ամսաթիվը։
Մևլյութ Չավուշօղլուն կոչ էր արել Հայաստանին ավելի համարձակ լինել և երրորդ երկրներում հանդիպումները տեղափոխել Անկարա ու Երևան:
«Մի կողմից ասում եք թող հարաբերությունները կարգավորվեն ու սահմանները բացվեն, մյուս կողմից Թուրքիայում և Երևանում դեռ չեք համարձակվում հանդիպել: Եթե չեք համաձայնում նույնիսկ սեփական երկրներում հանդիպելու, մյուս հարցերում ինչպե՞ս եք քայլեր անելու», — նշել է Թուրքիայի արտգործնախարարը՝ ասելով, որ նույնիսկ պատրաստակամ են եղել առաջինը իրենք գալու Երևան: