
Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնն ապրիլի 19-ին Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենի և արևմտյան մի շարք այլ երկրների ղեկավարների հետ քննարկելու է Ուկրաինայի վրա հարձակման կապակցությամբ Ռուսաստանի նկատմամբ նոր պատժամիջոցներ սահմանելու հարցը:
Այդ մասին Մակրոնն ասել է France 5 հեռուստակայանի թղթակցի հետ զրույցում:
«Վաղը երեկոյան զրուցելու եմ նախագահ Բայդենի և մյուս լիդերների հետ»,- ասել է Մակրոնը, նշելով, որ ինքն ամեն ինչ կանի «պատերազմի մեջ չներքաշվելով այն ավարտելու համար»:
Խոսելով ռուսական էներգակիրների մատակարարման մասին, Մակրոնն ասել է, թե «չկա և ոչ մի խողովակաշար, որը Ռուսաստանից կհասներ Ֆրանսիա, սակայն որոշ երկրներ կախվածության մեջ են»։
«Եվրոպական շուկան փոխկապակցված է, պետք է հիմա պատրաստվել հաջորդ ձմռանը, գուցե կգա մի օր, որ ստիպված կլինենք մի փուլում հրաժարվել ռուսական գազից»,- ասել է Ֆրանսիայի ղեկավարը:
Նրա փոխանցմամբ, ռուսական ածխի և նավթի նկատմամբ սահմանափակումները կարևոր են և թույլ են տալիս դադարեցնել ռուսական ագրեսիայի ֆինանսավորումը: