Միրզոյանն ու Բայրամովը պայմանավորվել են սահմանազատման և սահմանային անվտանգության հանձնաժողովի վերաբերյալ հանդիպում անցկացնել

Loading...

Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի հետ։

Ըստ Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության, արտգործնախարարները մտքեր են փոխանակել երկու երկրների առաջնորդների մակարդակով ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման շուրջ։

Կողմերը համաձայնության են եկել սահմանազատման և սահմանային անվտանգության հանձնաժողովի կառուցվածքի շուրջ: Պայմանավորվածություն է ձեռք բերվել առաջիկայում սահմանազատման և սահմանային անվտանգության հանձնաժողովի վերաբերյալ հանդիպում անցկացնել։

Միրզոյանն ու Բայրամովը քննարկել են նաև հումանիտար խնդիրների լուծման, ինչպես նաև խաղաղ բանակցությունների նախապատրաստման հետ կապված հարցեր:

Ապրիլի 6-ին Բրյուսելում ավելի քան չորս ժամ տևած բանակցությունների արդյունքներով Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարները պայմանավորվել էին մինչև ապրիլի վերջ երկու երկրների միջև սահմանների դելիմիտացիայի հարցերով երկկողմ հանձնաժողով ստեղծել, որը օժտված կլինի նաև սահմանի երկայնքով անվտանգություն և կայունություն ապահովելու հարցերով: Փաշինյանն ու Ալիևը նաև արտգործնախարարներին հանձնարարել են սկսել երկու երկրների միջև խաղաղության բանակցությունների նախապատրաստական աշխատանքները։
Այս համատեքստում Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների առաջին հեռախոսազրույցը կայացել է ապրիլի 11-ին՝ ադրբեջանական կողմի նախաձեռնությամբ։ Երկու արտգործանախարարների հեռախոսազրույցն աննախադեպ էր, քանի որ նախկինում կողմերը առավելապես միջնորդների աջակցությամբ էին շփվել։
Խաղաղության պայմանագրի շուրջ բանակցություններ սկսելու համար Բաքուն հինգ առաջարկ է ներկայացրել Հայաստանին։ Պաշտոնական Երևանը պատասխանել է Բաքվից փոխանցված առաջարկներին և դիմել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությանը՝ Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի կնքման նպատակով բանակցություններ կազմակերպելու համար։

“24 saat”

Bənzər məqalələr

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Back to top button