Օրենքի խախտմամբ թանկ վրանների գնման գործով մեղադրվում է 5 անձ, կան կալանավորվածներ

Loading...

Հայաստանի պաշտպանության նախարարության և Զինված ուժերի համապատասխան պաշտոնատար անձինք չարաշահել են իրենց պաշտոնեական դիրքը և խախտելով օրենքը՝ իրականացրել են մեկ անձից գնման ընթացակարգ և 2021-ի օգոստոսի 20-ին Կ. Ռ.-ի (ֆիզիկական անձ) հետ կնքվել է «ՈՒՍՏ-56» տեսակի 6 հատ վրանի գնման վերաբերյալ 4 մլն 820 հազար դրամ արժեքով պայմանագիր, հայտնում է Գլխավոր դատախազությունը։

Ըստ դատախազության, պարզվել է նաև, որ չունենալով վրանների վերաբերյալ օրենսդրությամբ սահմանված պարտադիր բնութագրեր՝ նշված պաշտոնատար անձինք 2021-ի մայիսի 22-ին ընկերությունից ընդունել են 261 վրան՝ առանց դրանց որակական հատկանիշները փաստացի ստուգելու, իսկ որակական հատկանիշների հետ համապատասխանությունն ապահովելու նպատակով՝ նկարագրել են օբյեկտիվորեն չհիմնավորված, ոչ համարժեք և ամբողջական պայմաններ, ինչպես նաև նախատեսել են շուկայականից բարձր գներ, արդյունքում՝ ՍՊԸ-ի հետ կնքել են թվով 261 հատ վրանների գնման վերաբերյալ ընդհանուր 7 մլն 60 հազար դրամ արժեքով պայմանագիր:

Վերոնշյալ գործողություններն առաջացրել են նյութական ծանր հետևանքներ, հայտնում է Գլխավոր դատախազությունը:

2021-ի դեկտեմբերի 2-ին ԶՈւ ԳՇ թիկունքի վարչության իրային ծառայության պետ, գնդապետ Ա.Թ.-ին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 375-րդ հոդվածի [Իշխանությունը չարաշահելը, իշխանազանցությունը կամ իշխանության անգործությունը] 3-րդ մասով, N զորամասի հրամանատարի թիկունքի գծով տեղակալ, հետագայում ՊՆ տարածքային պաշտպանության և պահեստային ուժերի հրամանատարի թիկունքի գծով տեղակալի պաշտոնն զբաղեցրած գնդապետ Ա. Կ.-ին` Քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի [Յուրացնելը կամ վատնելը] 3-րդ մասի 1-ին կետով և 216-րդ հոդվածի [Ակնհայտ հանցավոր ճանապարհով ձեռք բերված գույք ձեռք բերելը կամ իրացնելը] 3-րդ մասի 1-ին կետով: Նրանց նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը։ Նշված անձինք ազատվել են զբաղեցրած պաշտոններից:

Մեղադրանքներ են առաջադրվել նաև նույն զորամասի իրային ծառայության պետ Տ.Պ.-ին, Կ.Ռ.-ին և Է.Կ-ին: Նշված երեք անձանց նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին:

Դատախազությունը նշում է, որ դատարանը 2022-ի մարտի 23-ին մերժել էր Ա.Թ.-ի կալանավորման ժամկետը երկարացնելու միջնորդությունը, դատախազը վերաքննիչ բողոք է ներկայացրել, որը ապրիլի 22-ի որոշմամբ բավարարվել է։ Նախաքննությունը շարունակվում է։

“24 saat”

Bənzər məqalələr

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Back to top button