
Медуза լրատվական կայքի փոխանցմամբ, Դոնեցկի, Լուգանսկի և Խերսոնի շրջաններում, որոնք հիմա գտնվում են ռուսական բանակի հսկողության տակ, մայիսի կեսերին կարող են անցկացվել «հանրաքվեներ» Ռուսաստանին միանալու հարցով: Այդ մասին Медуза-ին հայտնել է Կրեմլի վարչակազմին մոտ կանգնած մի անանուն աղբյուր:
Դոնեցկի և Լուգանսկի շրջանների մաս կազմող մի շարք քաղաքներ՝ Սլավյանսկը, Կրամատորսկը և Լիսիչանսկը, տակավին գտնվում են Ուկրաինայի հսկողութհան ներքո:
Խերսոնի շրջանում հանրաքվեի կարող է ներկայացվել նաև Ուկրաինայից անկախ «Խերսոնի ժողովրդական հանրապետություն» հռչակելու հարցը:
Ըստ անանուն աղբյուրի, դա կարող է տեղի ունենալ մայիսի 14-ից 15-ը: Медуза-ն նշում է, որ եթե ռուսական բանակը ռազմաճակատում ահնհաջողություններ կրի՝ այդ «հանրաքվեների» ժամկետները կարող են հետաձգվել:
Ռուսական լրատվամիջոցներն ավելի վաղ հայտնել են, որ Ուկրաինայում ռուս անջատականների հսկողության տակ անցած տարածքների ղեկավարումն իրականացնելու է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի աշխատակազմի ղեկավարի առաջին տեղակալ, ներքաղաքական հարցերով բաժնի ղեկավար Սերգեյ Կիրիենկոն:
2014 թվականին Ղրիմը և Սևաստոպոլը «հանրաքվեով» միացել են Ռուսաստանի Դաշնությանը: Ուկրաինան և աշխարհի պետությունների գերիշխող մեծամասնությունը չեն ճանաչել այդ «հանրաքվեների» արդյունքները: