
Ֆրանսիայի իշխանությունները կալանքի որոշում են կայացրել Լազուրի ափին գտնվող ենթադրաբար ռուսաստանցի մեծահարուստներին պատկանքղ երեք շքեղ առանձնատների նկատմամբ: Այս մասին հայտնել է BFM ֆրանսիական հեռուստակայանը:
Հաղորդագրության համաձայն, խոսքը Սեն-Տրոպե, Բիարից և Սեն-Ժան-Կապ-Ֆերրա ավաններում երեք շքեղ վիլլաների մասին է, որոնք պատկանում են, համապատասխանաբար, Օլեգ Դերիպասկային, Կիրիլ Շամալովին և Մուսա Բաժաևին:
Շամալովը համարվում է Ռուսաստանի ամենաերիտասարդ մեծահարուստներից մեկը, նա ենթադրաբար նախագահ Վլադիմիր Պուտինի դստեր՝ Եկատերինա Տիխոնովայի նախկին ամուսինն է:
BFM հեռուստակայանի փոխանցմամբ, Ռուսաստանի նկատմամբ Եվրամիության սահմանած պատժամիջոցների կապակցությամբ, այսօրվա դրությամբ, Ֆրանսիայում կալանք է դրվել ենթադրաբար ռուս օլիգարխներին պատկանող 4 զբոսանավերի, վեց ուղղաթիռների և մոտ տասնյակ առանձնատրների վրա: