«Հիմա առավել քան երբևէ համոզված եմ. մենք ընթանում ենք ճիշտ ճանապարհով». Նիկոլ Փաշինյան

Loading...

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հայաստանի քաղաքացիներին շնորհավորել է Քաղաքացու օրվա առիթով՝ նշելով. «Հիմա առավել քան երբևէ համոզված եմ. մենք ընթանում ենք ճիշտ ճանապարհով և փոթորկված օվկիանոսի մեջ հայտնված մեր նավը հասցնելու ենք խաղաղ հանգրվանի»:

«Այս տոնը ամրագրվեց՝ արձանագրելու ժողովրդավարական պետության կարևորագույն ինստիտուտի՝ Քաղաքացու առանցքային դերակատարումը պետության կայացման և զարգացման գործում: 2018 թվականին տեղի ունեցած Ոչ բռնի, թավշյա, ժողովրդավական հեղափոխությունը Քաղաքացու իշխանության հաստատման խորհրդանիշն է Հայաստանում եւ այդ արժեքը անշրջելի է ու անսասան», — նշել է վարչապետը:

Ընտրությունների կեղծման և այսպիսով քաղաքացուն որոշումներ կայացնելու սահմանադրական իրավունքից զրկելու էջը, ըստ Նիկոլ Փաշինյանի, մնացել է անցյալում և Հայաստանն այլևս ամբողջ աշխարհում ընկալվում է որպես ընտրական ժողովրդավարությամբ երկիր:

«Նաև այն պատճառով, որ 2020 թվականի 44-օրյա աղետաբեր պատերազմից հետո առաջին հերթին Քաղաքացին ոչ միայն թույլ չտվեց իր պետության քաոսացումը, այլեւ ետպատերազմյան դժվարագույն ժամանակահատվածում բարձրացրեց մեր երկրի ժողովրդավարական համարումը», — ընդգծել է նա:

Դիմելով քաղաքացիներին՝ Վարչապետ Փաշինյանը նշել է. «Մենք անցել ենք ու անցնում ենք աննկարագրելի, երբեմն՝ ուղիղ ասենք, անտանելի դժվարություններով: Ամեն օր, ամեն ժամ, ամեն քայլափոխի մեզ փորձում են ախտահարել կասկածի ու երկմտանքի վարակով, փորձ են անում սասանել մեր հավատը մեր անցյալի ու ապագայի եւ որ առավել կարեւոր է՝ մեր առաքելության նկատմամբ»:

Նիկոլ Փաշինյանը կոչ է արել չերկմտել և չկասկածել՝ «մենք մեր երկրի վրա թափված աղետների հեղինակը չենք, մենք արժանացել ենք դաժան ճակատագրի ու սրբագույն առաքելության. առաջնորդել մեր հայրենիքը անխուսափելի եւ երկար տարիներ բոլորիս աչքի առաջ նյութված աղետների միջով եւ նրան հասցնել խաղաղ, բարեկեցիկ, երջանիկ ապագայի: Ու այս ճանապարհին մեր ծնկները չեն ծալվել ու չեն ծալվելու»:

Ազգային ժողովը 2019 թվականի ապրիլի 9-ին է ընդունել Կառավարության ներկայացրած «Տոների և հիշատակի օրերի մասին» օրենքում լրացում կատարելու մասին օրինագիծը, որով ապրիլի վերջին շաբաթ օրը սահմանվում է Քաղաքացու օր: Ըստ ընդունված օրենքի, եթե մայիսի 1-ը շաբաթ օր լինի, որպես Քաղաքացու օր կնշվի ապրիլի վերջին կիրակի օրը:

“24 saat”

Bənzər məqalələr

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Back to top button