
Մայիսի 2-ին աշխատանքային այցով ԱՄՆ-ում գտնվող ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել ԱՄՆ պետքարտուղարի քաղաքական հարցերով տեղակալ Վիկտորիա Նուլանդի հետ: Այս մասին հայտնում է Արտաքին գործերի նախարարությունը:
Արձանագրվել է ՀՀ-ԱՄՆ հարաբերությունների զարգացման բարձր դինամիկան և նշվել, որ 2019 թվականից համագործակցությունը բարձրացվել է նոր՝ Ռազմավարական երկխոսության մակարդակի։
Կողմերը պատրաստակամություն են հայտնել առավել ամրապնդելու տարբեր ոլորտներում հաստատված արդյունավետ փոխգործակցությունը` հիմնված ժողովրդավարության, մարդու իրավունքների պաշտպանության, օրենքի գերակայության, կոռուպցիայի դեմ պայքարի ընդհանուր արժեհամակարգի վրա:
Արարատ Միրզոյանն ու Վիկտորիա Նուլանդը մտքեր են փոխանակել տարածաշրջանային անվտանգության ու կայունության հարցերի շուրջ։ Քննարկվել է Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների միջև Սոչիում և Բրյուսելում ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացման ընթացքը։
Անդրադարձ է կատարվել Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակին, ինչպես նաև խաղաղության համապարփակ համաձայնագրի շուրջ Հայաստանի ու Ադրբեջանի միջև բանակցություններ սկսելու գործընթացին։
Այս համատեքստում Հայաստանի արտաքին գերատեսչության ղեկավարն առանձնակի ընդգծել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության աշխատանքների վերսկսման կարևորությունը։
Միրզոյանը Վաշնգտոնում հանդիպել է նաև պետքարտուղար Էնթոնի Բլինքենի, USAID տնօրեն Սամանթա Փաուերի հետ։ Նախատեսված են նաև Արարատ Միրզոյանի հանդիպումներ վարչակազմի պաշտոնյաների, Կոնգրեսի անդամների և ելույթ Ատլանտյան խորհուրդ կենտրոնում։