
Այսօր վաղ առավոտից ընդդիմությունը վերսկսել է բողոքի անհնազանդության ակցիաները։
Ցուցարարները փակել էին Բաղրամյան պողոտայի Ամերիկյան համալսարանից դեպի Ազգային ժողով տանող հատվածը։ Այստեղ ոստիկանական ուժեր են կենտրոնացված, կան բերման ենթարկվածներ։ Ոստիկանները ցուցարարներին ուղեկցեցին մայթ, բացեցին ճանապարհը, երթևեկությունը վերականգնված է։
Փակ է Ազգային անվտանգության ծառայության շենքի հարակից տարածքը, փակ փողոցներ կան նաև Կոմիտասում։
Ցուցարարները փակեցին նաև Պուշկին և Սարյան փողոցների խաչմերուկը։ Ոստիկանների և ցուցարարների միջև տեղի ունեցավ հրմշտոց, կան բերման ենթարկվածներ, Սարյան փողոցը բացվեց, ցուցարարները շարժվում են Պուշկին փողոցով։
Իշխանափոխություն պահանջող ընդդիմությունը պնդում է, թե սա իրենց պայքարի վճռական փուլն է։ Նրանք պնդում են, թե իշխանությունը պատրաստվում է Արցախը թողնել Ադրբեջանի կազմում։ Թե քանի օր են շարունակելու այս ակցիաները, երբ և ինչպես են իրենց ծրագրին հասնելու, դեռ չի հստակեցվում։