Ռոման Աբրամովիչը «Չելսին» կվաճառի 5 միլիարդ դոլարով

Loading...

Ռուսաստանցի մեծահարուստ Ռոման Աբրամովիչին պատկանող անգլիական Պրեմիեր լիգայի լավագույն ակումբներից մեկը՝ Լոնդոնի «Չելսին», 5 միլիարդ դոլարով գնելու է բիզնեսմենների կոնսորցիումը, որի կազմում է ամերիկացի միլիարդատեր Թոդ Բոուլին:

Ըստ գործարքի, բիզնեսմենները 4 միլիարդ 250 միլիոն ֆունտ ստերլինգ կվճարեն, դա կազմում է մոտ 5 միլիարդ 200 միլիոն դոլար:

Այդ գումարից 2.5 միլիարդ ֆունտ ստերլինգ կփոխանցի Բրիտանիայում Աբրամովիչի սառեցված հաշվեհամարին և հետագայում՝ ըստ Աբրամովիչի հրապարակավ արտահայտած ցանկության, կտրամադրվի Ուկրաինայի պատերազմից տուժած մարդկանց օգնող բարեգործական հիմնադրամին:

Աբրամովիչի և բիզնեսմենների կոնսորցիումի պայմանագրի համաձայն, ևս 1 միլիարդ 750 միլիոն ֆունտ ստերլինգ նոր տերերը կհատկացնեն «Չելսի» ակումբի զարգացման ծրագրին, որը ներառում է ներդրումներ կանանց թիմի, ֆուտբոլային ակադեմիայի և Լոնդոնում երկու մարզադաշտերի համար:

Ամերիկացի միլիարդատեր Թոդ Բոուլին նաև «Լոս Անջելես Դոջերս» բեյսբոլային ակումբի սեփականատերն է:

Նրանից բացի, «Չելսիի» ապագա սեփականատերերի թվում են ամերիկացի միլիարդատեր Մարք Ուոլթերը և Clearlake Capital ամերիկյան ներդրումային ընկերությունը:

Գործարքը պետք է վերջնականապես հաստատվի և ուժի մեջ մտնի մայիսի վերջին, սակայն մինչ այդ դրան պետք է հավանություն տան Անգլիայի ֆուտբոլի ֆեդերացիան և Բրիտանիայի կառավարությունը:

Աբրամովիչը «Չելսին» գնել է 2003 թվականին: Նա այս տարվա մարտ ամսին է հաղորդել ակումբը վաճառելու որոշման մասին, ապա կարճ ժամանակ անց Ուկրաինայի դեմ Ռուսաստանի պատերազմի կապակցությամբ Բրիտանիայի կառավարության վճռով հայտնվել է սանկցիոն ցուցակում:

Աբրամովիչը համարվում է աշխարհի ամենահարուստ գործարարներից մեկը:

Նրան անվանում են Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ սերտ հարաբերություններ հաստատած և Կրեմլի հովանավորությունը վայելող օլիգարխ: Ինքն Աբրամովիչը պնդում է, որ քաղաքական կյանքին չի մասնակցում:

Աբրամովիչն ունի Ռուսաստանի, Իսրայելի և Պորտուգալիայի քաղաքացիություն:

Իսրայելի անձնագիրը նա ձեռք է բերել այն բանից հետո, երբ 2018 թվականին չի կարողացել երկարաձգել բրիտանական վիզան, ինչից հետո Լոնդոնից տեղափոխվել է Թել Ավիվ:

Մեծ Բրիտանիան ռուս-ուկրաինական պատերազմի կապակցությամբ Ռուսաստանի և ռուսաստանցի մի շարք մեծահարուստների նկատմամբ սահմանել է լայնածավալ պատժամիջողցներ. սակայն Աբրամովիչի դեմ անձնական սանկցիաների որոշում չի ընդունվել:

“24 saat”

Bənzər məqalələr

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Back to top button