
Վարշավայում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Անդրեևի վրա կարմիր ներկ են լցրել այն ժամանակ, երբ նա գերեզմանոցում ծաղկեսպակով մոտեցել է Երկրորդ աշխարհամարտում զոհված Կարմիր բանակի զինծառայողների հուշարձանին:
Ըստ ականատեսների, միջոցառման ընթացքում գերեզմանոցում հավաքվել են Ուկրաինայի դրոշներով մարդիկ, ովքեր ռուսների հասցեին վանկարկել են «Ֆաշիստներ»:
Մոսկվան խստորեն դատապարտել է միջադեպը: Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Մարիա Զախարովան հայտարարել է, թե Արևմուտքն ընտրել է ֆաշիզմը վերակենդանացնելու ուղին:
«Մեզ չի կարելի վախեցնել, պետք է հայելում իրենց արտացոլանքից վախենան Եվրոպայի բնակիչները»,- Տելեգրամում գրել է Զախարովան:
Փետրվարի 24-ին Ուկրաինայի վրա Ռուսաստանի հարձակումից ի վեր միլիոնավոր ուկրաինացիներ ապաստանել են Լեհաստանում: Վարշավան ռազմական, նյութական, քաղաքական և մարդասիրական օգնություն է տրամադրում Մոսկվայի ագրեսիային ենթարկված Կիևին: