Դմիտրո Կուլեբա. «Մենք պատրաստ ենք բանակցել Ռուսաստանի հետ, սակայն վերջնագրեր չենք ընդունի»

Loading...

Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Դմիտրո Կուլեբան այսօր Բեռլինում ասել է, թե իր երկիրը պատրաստ է բանակցել Ռուսաստանի հետ, սակայն ռուսների կողմից վերջնագրեր չի ընդունի:

Այդ մասին Ուկրաինայի արտաքին գերատեսչության ղեկավարն ասել է Die Welt համագերմանական օրաթերթին տված հարցազրույցում: Նրա խոսքով, եթե Ռուսաստանը սրի իրավիճակը՝ Կիևը պատասխան հարված կհասցնի:

«Ամենալուրջ խնդիրն այն է, որ Ռուսաստանը չի ցանկանում իրական և բովանդակալից բանակցություններ վարել»,- ասել է Կուլեբան:

Նախարարը խոսել է ռուս-ուկրաինական պատերազմում հաղթելու համար անհրաժեշտ գործոնների մասին:

«Կիևին հաղթանակի համար երեք բան է պետք՝ ուկրաինական տոկունությունը, բնավորությունը և մարտունակությունը, անհրաժեշտ զենքի մատակարարումներ և Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցներ: Եթե այդ երեք գործոններն իրար միանան, ապա մենք կհաղթենք այս պատերազմում»,- ասել է Կուլեբան:

Նրա խոսքով, պատժամիջոցները շատ կարևոր են և արդյունավետ, բայց չեն կարող կանգնեցնել ռուսական ռազմամեքենան, «քանի դեռ Եվրոպան շարունակում է գազ գնել Ռուսաստանից»:

Նա նշել է նաև, որ կարճատև կտրվածքով Ռուսաստանը տնտեսության առումով Ուկրաինայի համեմատությամբ ավելի բարվոք վիճակում է:

«Հենց այդ պատճառով ենք մենք մեր բարեկամներին և գործընկերներին խնդրում տնտեսապես սատարելու մասին, քանի որ դա մեզ թույլ կտա շարունակել պայքարը»,- ասել է Կուլեբան:

“24 saat”

Bənzər məqalələr

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Back to top button