Ոստիկանությունն այսօր առավոտից խոչընդոտում է տարբեր ուղղություններով Երևան ժամանող ընդդիմության ավտոերթերը, բերման ենթարկում բողոքի ակցիայի տասնյակ մասնակիցների: Ժամը 13:30-ի դրությամբ բերման ենթարկվածների թիվը, ըստ Ոստիկանության, արդեն հասել է 91-ի:
Նախ Աշտարակից մեկնարկած ավտոերթը Երևանի «Հրազդան» մարզադաշտի մոտ կանգնեցվեց ոստիկանների կողմից, գրեթե բոլոր մասնակիցներին բերման ենթարկեցին:
Իրավապահներն անընդհատ կոչ էին անում բացել ճանապարհի մի հատվածը և չխանգարել երթևեկությանը: Երթի մասնակիցները դա չարեցին, ինչն էլ, ըստ էության, պատճառ դարձավ նման գործողությունների:
Ավելի ուշ էլ Կորյունի փողոցում՝ «Ցիտադելի» մոտ ոստիկանները կանգնեցրին ավտոերթը՝ բերման ենթարկելով մասնակիցներին, ապա քարշակներով բազմաթիվ մեքենաներ հեռացվեցին փողոցից:
Ոստիկանությունն այսօր հայտարարություն է տարածել, որում մասնավորապես ասված է. – «Վերջին օրերին արձանագրվում են որոշ անձանց կողմից ճանապարհային երթևեկության խոչընդոտներ ստեղծելու դեպքեր, այդ թվում՝ նաև խմբակային տեղաշարժերի միջոցով: Վարորդների մասնակցությամբ այդպիսի խմբակային տեղաշարժերը ոչ միայն խախտում են ճանապարհային երթևեկության կանոնները, խանգարում երթևեկությանը, այլև ստեղծում են երթևեկության անվտանգության սպառնալիք: Այդ կարգի գործողությունները իրավախախտում են և առաջացնում են վարչական պատասխանատվություն»:
Ոստիկանությունը կոչ է անում վարորդներին՝ «զերծ մնալ իրավախախտումներից, երթևեկությանը խոչընդոտելու միջոցով այլ քաղաքացիների տեղաշարժի իրավունքը սահմանափակելու փորձերից և պահպանել համակեցության կանոններն ու փոխադարձ հարգանքը երթևեկության բոլոր մասնակիցների հանդեպ»: