Մոսկվայում կայացել է Փաշինյանի և Պուտինի առանձնազրույցը

Երկուշաբթի օրը Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը Կրեմլում առանձնազրույց է ունեցել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ:

Վարչապետի աշխատակազմի լրատվականի հաղորդագրության համաձայն՝ Ռուսաստանի նախագահը մասնավորապես նշել է. – «Հարգելի Նիկոլ Վլադիմիրի, մենք Ձեզ հետ մշտական կապի մեջ ենք` քննարկելու երկկողմ օրակարգի հարցերն ու տարածաշրջանային խնդիրները: Այնուամենայնիվ, հարցերը միշտ շատ են, դա ակնհայտ է` վկայում է մեր երկխոսության ինտենսիվության մասին»:

Պուտինի խոսքով՝ նախորդ տարվա կտրվածքով դիտարկվում է երկու երկրների միջև առևտրաշրջանառության զգալի աճ, շարունակվում են ներդրումները: «Ակտիվորեն շարունակում ենք աշխատել ղարաբաղյան խնդրի կարգավորման ուղղությամբ եռակողմ ձևաչափով` Ադրբեջանի գործընկերների հետ միասին», – ասել է Ռուսաստանի նախագահը:

Հայաստանի վարչապետը շնորհակալություն է հայտնել ՀԱՊԿ հոբելյանական գագաթնաժողովի կազմակերպման և ավանդական ջերմ ընդունելության համար: «Հավաքական անվտանգության պայմանագրի 30-ամյակը և Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության 20-ամյակը նշանակալի իրադարձություններ են, և կարծում եմ` մենք ունեցանք շատ բովանդակալից խոսակցություն: Շատ կարևոր է, որ այդ խոսակցությունն ուղղված է ապագային, մեր կազմակերպության հետագա զարգացմանը», – ասել է Փաշինյանը:

«Ամիս էլ չի անցել Ռուսաստանի Դաշնություն իմ առաջին պաշտոնական այցից հետո: Մենք այն ժամանակ էլ ունեցանք շատ բովանդակալից խոսակցություն, և ինչպես Դուք ճիշտ նկատեցիք` մեր երկկողմ օրակարգն այնքան հագեցած է, որ կարելի է ավելի հաճախ հանդիպել: Մենք գտնվում ենք մշտական կապի մեջ, հաճախ հեռախոսազրույցներ ենք ունենում», – ասել է Հայաստանի վարչապետը՝ շարունակելով. – «Տնտեսության առումով ցանկանում եմ նկատել, որ մարտ ամսին որոշակի անկումից հետո նկատվում է երկկողմ տնտեսական կապերի ակտիվացում: Մենք տեսնում ենք ներդրումային հետաքրքրություն ռուսական բիզնեսի կողմից, որն ուզում է ներդրումներ կատարել Հայաստանում: Եվ գիտեմ, որ այս հարցում Դուք ևս քաջալերում եք ռուսաստանցի գործարարներին, որպեսզի նրանք ներդրումներ կատարեն Հայաստանում: Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել Ձեզ դրա համար»:

«Հույս ունեմ, որ այսօր կքննարկենք նաև տարածաշրջանային անվտանգության, կայունության, Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման, ինչպես նշեցինք մեր համատեղ հայտարարության մեջ` նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի կարևոր դերակատարման հետ կապված հարցեր: Կցանկանայի Ձեզ հետ կիսվել որոշակի տեղեկատվությամբ, այնպես որ ևս մեկ անգամ շնորհակալ եմ հանդիպման համար», – ասել է Փաշինյանը:

“24 saat”

Bənzər məqalələr

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button