ՄԻԵԴ-ը Հայաստանին պարտավորեցրել է 16,5 հազար եվրո վճարել DIY բարի սեփականատիրոջը

Loading...

Եվրոպական դատարանն այսօր պարտավորեցրել է Հայաստանին 16 500 եվրո վճարել Երևանի կենտրոնում տասը տարի առաջ պայթեցված DIY բարի սեփականատիրոջը՝ Արմինե Օգանեզովային։

Օգանեզովան ՄԻԵԴ էր դիմել ու դժգոհել, որ իշխանությունները չեն կարողացել պաշտպանել իրեն խտրական, անմարդկային վերաբերմունքից։

Միջազգային դատարանը վճռել է, որ Հայաստանում այս գործով խախտվել են Եվրոպական կոնվենցիայի հենց այդ երկու հոդվածները՝ անմարդկային կամ նվաստացնող վերաբերմունքի և խտրականության արգելքները։ Դատարանը նաև համարել է, որ իշխանությունները պատշաճ քննություն չեն իրականացրել դեպքի մանրամասները բացահայտելու համար։

2012 թվականին տեղի ունեցած պայթյունից 1 տարի անց դատարանն այս գործով մեղավոր էր ճանաչել երկու եղբայրների, որոնք խոստովանել էին, որ իրենք են կոտրել փաբի ապակին ու բենզինով պայթեցրել տարածքը: «Այն դարձել էր ԼԳԲՏ համայնքի ներկայացուցիչների հավաքատեղի, ինչը Հայաստանի համար ամոթ էր», — իրենց արարքը այսպես էին պատճառաբանել երիտասարդները։

Անազատության մեջ երկու տարի մնալուց հետո եղբայրները համաներմամբ ազատ էին արձակվել։ Իսկ Արմինե Օգանեզովան, որ առավել հայտնի է Ծոմակ անունով, լքել էր երկիրը, այժմ բնակվում է Շվեդիայում։ Տուժող Օգանեզովան միջադեպից հետո կասկածներ էր հայտնել, որ պայթյունը հովանավորել է ՀՅԴ-ն։ Պայթյունից հետո հրավիրված ասուլիսում հայտարարել էր, որ տեղի ունեցածը հաջորդել է «Երկիր մեդիա»-ին տված իր հարցազրույցին, որում ինքը պատմել էր, որ այցելելու է Թուրքիա՝ մասնակցելու «գեյ-շքերթի»։

Որպես իր կասկածների ապացույց՝ տուժողը նշել էր, որ փաբը պայթեցրած երիտասարդներից մեկի փաստաբանը դաշնակցական է, իսկ նրա համար 1 միլիոն դրամի գրավը վճարողներից մեկն էլ ՀՅԴ-ական Արծվիկ Մինասյանն է եղել։ Մինասյանն էլ հակադարձել էր՝ կուսակցությունը ոչ մի կապ չունի, իսկ ինքը որպես պատգամավոր բազմիցս միջնորդել է, որ կասկածյալներին չկալանավորեն և որ մարդու նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց չընդունվի։

“24 saat”

Bənzər məqalələr

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Back to top button