ԼՂ-ն միայն տարածքի կտոր չէ, այլ մարդիկ են, որոնց արժանապատվությունը պետք է հարգել. Միրզոյան

Loading...

Լեռնային Ղարաբաղը միայն տարածքի կտոր չէ, «այլ մարդիկ են, որոնց արժանապատվությունը պետք է հարգել», Եվրոպայի խորհրդի նախարարական նստաշրջանին հայտարարել է Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը:

Հիշեցնելով 44-օրյա պատերազմի մասին` արտգործնախարարը շեշտել է, թե Ադրբեջանը պնդում է, որ Լեռնային Ղարաբաղի հարցը լուծվել է, և որ պատրաստ են խաղաղության:

Սրա հետ կապված Միրզոյանը մի քանի հարցեր է բարձրացրել. «Բայց եթե դա ճիշտ է, ինչո՞ւ ենք մենք դեռ պայքարում ռազմագերիների և պահվող անձանց իրավունքների և նրանց անհապաղ ազատ արձակման և վերադարձի համար։ Ինչո՞ւ ենք մենք դեռևս պայքարում մարդկանց մշակութային իրավունքների համար և Ադրբեջանի քաղաքականությունից բխող՝ իր վերահսկողության տակ գտնվող հայկական մշակութային ժառանգության ոչնչացման դեմ: Ինչո՞ւ ենք մենք պայքարում երեխաների որակյալ կրթություն ստանալու իրավունքի համար, երբ նրանց դպրոցները հաճախակի կրակի տակ են: Ինչո՞ւ ենք մենք պայքարում մարդկանց՝ իրենց տներում տարրական կենսապայմաններ ունենալու իրավունքի համար, երբ միակ գազատարը խափանվում է»:

Հայաստանի դիվանագիտության ղեկավարը նկատել է, որ սա բոլորի խնդիրն է, միաժամանակ վերահաստատել պաշտոնական Երևանի պատրաստակամությունը` տարածաշրջանում խաղաղություն և բարեկեցություն հաստատելու ջանքերին, Բաքվի հետ հարաբերությունների կարգավորման վերաբերյալ անհապաղ կերպով իրական և կառուցողական բանակցություններ սկսելուն:

«Այս համատեքստում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությունն առանցքային դեր ունի խաղաղ գործընթացը առաջ մղելու հարցում: Սակայն, մենք խորապես հավատացած ենք, որ ԵԽ-ն նույնպես՝ իր մանդատի շրջանակներում, պետք է ակտիվ լինի այս գործընթացին սատարելու հարցում:

Մեր տարածաշրջանում խաղաղության և կայունության անհրաժեշտությունը վաղուց հասունացել է», — հավելել է Միրզոյանը:

Երեկ Բրյուսելում պատասխանելով «Ազատության» հարցին` Հայաստանի արտգործնախարարն ասել էր, որ Ադրբեջանն առայժմ չի ընդունել Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման օրակարգում նաև Ղարաբաղի հետագա կարգավիճակն ու անվտանգությունը ներառելու՝ Երևանի առաջարկը։ Մինչդեռ մոտ մեկ ամիս առաջ հենց Բրյուսելում Հայաստանի ու Ադբեջանի առաջնորդները պայմանավորվել էին արագորեն առաջ շարժվել խաղաղության պայմանագիր կնքելու ուղղությամբ և այն նախապատրաստելու հանձնարարական տվել իրենց արտգործնախարարներին։

“24 saat”

Bənzər məqalələr

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Back to top button