Ընդդիմությունը շարունակում է անհնազանդության ակցիաներ իրականացնել: Երկուշաբթի առավոտյան մի քանի ուղղություններից մեկնարկել են ավտոերթեր:
Ազգային ժողովի ընդդիմադիր փոխխոսնակ Իշխան Սաղաթելյանն էր երեկ հայտարարել, որ որպես խաղաղ անհնազանդության ակցիա՝ վարորդները կարող են միանալ ավտոերթին և մեքենան վարեն առավելագույնը 15 կմ/ժ արագությամբ:
Հայտարարված է նաև, որ այսօր անհնազանդության ակցիաներ տեղի կունենան Երևանում:
Մասնավորապես, ակցիա իրականացվեց մետրոպոլիտենի «Երիտասարդական» կայարանում, որտեղ քաղաքացիները նստել էին գնացքի դռների մոտ և թույլ չէին տալիս շարժվել: Ի վերջո գնացքը , այդուհանդերձ, շարժվեց, և Հանրապետության հրապարակի տարածքից ակցիայի մասնակիցներից ոմանք բերման ենթարկվեցին:
Առայժմ հայտնի չէ, թե ինչ այլ անհնազանդության ակցիաներ են սպասվում:
Իսկ տարբեր ուղղություններից մեկնարկած ավտոերթերը Երևանի Ֆրանսիայի հրապարակ են մեկնում, որն ընդդիմադիրներն արդեն երեք շաբաթ փակ են պահում, այն երթևեկելի չէ:
Ֆրանսիայի հրապարակում գրեթե ամեն օր հանրահավաքներ են անցկացվում, այսօր սպասվում է արդյոք հերթական հանրահավաքը, թե ոչ՝ դեռևս հայտնի չէ, ընդդիմադիրները չեն հայտարարել այդ մասին:
Ընդդիմադիրների պահանջը վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականն է: