Հրատապ է ՅՈՒՆԵՍԿՕ-ի անհապաղ միջամտությունը`Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքներում վանդալիզմի դեպքերը կանխելու համար․ Միրզոյան

Հայկական 2 հազարից ավելի մշակութային օբյեկտների և 21 հազար թանգարանային ցուցանմուշների ամբողջական ոչնչացման լուրջ վտանգ է սպառնում, այսօր ասել է Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանն՝ ընդունելով Հակամարտությունների գոտիներում ժառանգության պաշտպանության միջազգային դաշինքի (ԱԼԻՖ) գործադիր տնօրեն Վալերի Ֆրելանին:

Միրզոյանը նշել է, որ 44-օրյա պատերազմի հետևանքով Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքներում հայկական մշակութային ու կրոնական ժառանգության պաշտպանությունը ոչնչացումից ու ինքնության խեղաթյուրումից Հայաստանի առաջնահերթ խնդիրներից մեկն է:

Հայկական կողմը շեշտել է, որ ստեղծված իրավիճակում առավել հրատապ է միջազգային հանրության, մասնավորապես՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի անհապաղ միջամտությունը և տեղում անխոչընդոտ ներգրավվածությունը՝ համամարդկային մշակութային ժառանգության մաս կազմող Լեռնային Ղարաբաղի հայկական հուշարձանները պահպանելու և վանդալիզմի շարունակվող դեպքերը կանխելու նպատակով։

Պաշտոնական տվյալներով` 2020 թվականի պատերազմի հետևանքով Ադրբեջանի վերահսկողության տակ են մնացել առնվազն 1456 նշանավոր հուշարձաններ, այդ թվում՝ 161 վանքեր և եկեղեցիներ, 591 խաչքարեր: Ադրբեջանական զինուժի վերահսկողության տակ անցած մի շարք բնակավայրերում, այդ թվում՝ Շուշի քաղաքում, բռնության են ենթարկվել հայկական պատմական հուշարձաններ, արձաններ։ Հաճախ վանդալիզմի դրսևորումները լուսանկարահանվել և տեսանկարահանվել ու տարածվել են ադրբեջանական սոցիալական հարթակներում։ Ամբողջությամբ ավերվել են Մեխակավան բնակավայրի Զորավոր Սուրբ Աստվածածին հայկական եկեղեցին, Շուշիի «Կանաչ Ժամ» կամ Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցին։
Բաքուն հայտարարել է, թե իրենց վերահսկողության տակ անցած հայկական եկեղեցիների հայատառ գրություններն ու հայկական հետքերը կեղծ են, դրանք հեռացնելու համար աշխատանքային խումբ են ստեղծել: Դեռ ամիսներ առաջ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, այցելելով Հադրութի Սուրբ Աստվածածին եկեղեցի, հայտարարել էր․ – «Հայերը ինչպես պղծել են մեր մզկիթները, այնպես էլ հին աղվանական տաճարներն են պղծել: Բայց մենք կվերականգնենք։ Այս բոլոր գրությունները կեղծ են, ավելի ուշ ավելացված գրություններ են»։ Պաշտոնական Երևանը բազմիցս հայտարարել է, որ հայկական ժառանգության ոչնչացման քաղաքականությունը հակասում է Բաքվի հաշտության հայտարարությանը։

“24 saat”

Bənzər məqalələr

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button