Երկարամյա ազատազրկման դատապարտված ռուսաստանցի ընդդիմադիր առաջնորդ Ալեքսեյ Նավալնին հայտնում է իրեն առաջադրված նոր մեղադրանքի մասին՝ «ծայրահեղական խմբավորում ստեղծելու» հոդվածով։ Խոսքը քաղաքական գործչի գլխավորած Հակակոռուպցիոն հիմնադրամի մասին է, որն զբաղվում է իշխանության ներկայացուցիչների մասնակցությամբ կոռուպցիոն գործարքների բացահայտմամբ։
«Այսօր քննիչը նորից հայտնվեց և ինձ պաշտոնապես մեղադրանք առաջադրեց նոր գործով», – Թվիթերում այսօր գրել է Նավալնին՝ ենթադրելով, որ իր պատժաչափը կավելանա ևս 15 տարով։
Ամիսներ առաջ դատարանը ընդդիմադիր գործչին 9 տարվա ազատազրկման է դատապարտել՝ նրան մեղավոր ճանաչելով առանձնապես խոշոր չափերի խարդախության և դատարանի նկատմամբ անհարգալից վերաբերմունքի համար։ Նավալնին մեղքը չի ընդունում, նրա թիմակիցները, արևմտյան երկրները պնդում են, որ ընդդիմադիր գործիչը քաղաքական հետապնդման է ենթարկվում։
Կրեմլի կոշտ քննադատը ձերբակալվել է 2021 թվականի հունվարին Գերմանիայից Ռուսաստան վերադառնալուց անմիջապես հետո։ Գերմանիայում նա բուժվում էր «Նովիչոկ» տեսակի քիմիական նյութով թունավորումից հետո: