Երևանի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան ներկայացված՝ ենթադրաբար ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վերաբերյալ հերթական երկու հայցադիմումներն ընդունվել են վարույթ, այսօր հաղորդում է Գլխավոր դատախազությունը:
Հաղորդագրության համաձայն՝ Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վարչությունն այդ հայցադիմումներով պահանջ է ներկայացրել դատարանին «Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտեն» ՓԲ ընկերության նախկին տնօրեն Փայլակ Յայլոյանից և նրան փոխկապակցված՝ ընտանիքի անդամ հանդիսացող 5 անձանցից հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձել.
– Երևանի տարբեր հասցեներում գտնվող 7 բնակարանները, Կոտայքի մարզի Առինջ համայնքում գտնվող գույքը (որոշ դեպքերում՝ դրանց 84-94 տոկոսը), իսկ անհնարինության դեպքում՝ այդ գույքերի միջին շուկայական արժեքը՝ ընդհանուր 702 միլիոն 472 հազար 355 դրամ;
– Կոտայքի մարզի Ջրվեժ համայնքում գտնվող 2 հողամասը (մեկը՝ մասնակի), Երևանի Պերճ Պռոշյան փողոցում գտնվող ավտոկայանատեղին, Երևանի Բաղրամյան պողոտայում և Պռոշյան փողոցում գտնվող երկու շինությունները, իսկ անհնարինության դեպքում՝ այս գույքերի միջին շուկայական արժեքը՝ ընդհանուր 535 միլիոն 699 հազար 753 դրամ;
– Շարժական 3 գույքը (ավտոմեքենաներ, որոնցից մեկի 79,47 տոկոսը), անհնարինության դեպքում՝ այս գույքերի միջին շուկայական արժեքը՝ ընդհանուր 27 միլիոն 745 հազար դրամ;
– 2 ՍՊ ընկերության բաժնեմասերը՝ մեկի դեպքում 1/2 բաժնեմասի 84,92 տոկոս, մյուսի դեպքում՝ 50 տոկոս մասնաբաժինները;
– 29 միլիոն 847 հազար 801 դրամ, որպես լուծարված ՓԲԸ բաժնեմասի ձեռքբերման գումար;
– Ընդհանուր 272 միլիոն 240 հազար 34 դրամ, որը, ըստ Դատախազության, չի հիմնավորվում Փայլակ Յայլոյանի և նրա երկու որդիների օրինական եկամուտներով, ունի ապօրինի ծագում և հնարավոր չէ բռնագանձել, քանի որ փոխանցվել է բարեխիղճ ձեռք բերողի կամ հնարավոր չէ նույնականացնել և բռնագանձել։
Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վարչությունում կատարվող ուսումնասիրությունների արդյունքում դատարան ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման հայցադիմումների ներկայացման գործընթացը շարունակվում է, ասված է հաղորդագրությունում: