Բորելը «պատերազմական հանցագործություն» է որակում Ուկրաինայից պարենի արտահանման արգելքը

Loading...

Ռուսաստանի կողմից ուկրաինական նավահանգիստների արգելափակումը, գյուղատնտեսական և այլ ապրանքների արտահանման արգելքը «պատերազմական հանցագործություն է», հայտարարել է Եվրամիության դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը։ Նրա կարծիքով՝ ուկրաինական պարենի արտահանման հետ կապված ճգնաժամը կարող է սովի հանգեցնել աշխարհի տարբեր անկյուններում:

«Դուք չեք կարող սովի սպառնալիքը օգտագործել որպես պատերազմի գործիք: Ուկրաինայում միլիոնավոր տոննաներ ցորեն է արգելափակված, մինչդեռ աշխարհի բազմաթիվ մասերում մարդիկ տառապում են սովից: Սա իսկական պատերազմական հանցագործություն է», — Բրյուսելում ԵՄ անդամ երկրների արտգործնախարարների հետ հանդիպմանն ընդառաջ ասել է Բորելը։

Փորձագետների կարծիքով՝ ուկրաինական հացահատիկի և գյուղատնտեսական այլ ապրանքների արտահանման խափանումը դարձել է պարենի համաշխարհային գների աճի պատճառներից մեկը։ ՄԱԿ-ը որոշ երկրներում, հատկապես՝ Աֆրիկայում, որտեղ մեծապես կախված են ուկրաինական հացահատիկի ներկրումից, սովի վտանգ է կանխատեսում։

Ռուսաստանը հերքում է մեղադրանքները՝ պատրաստակամություն հայտնելով նավերի անվտանգ անցում ապահովել ուկրաինական հացահատիկը ծովով արտահանելու համար, սակայն համապատասխան ջրային տարածքը պետք է մաքրվի ականներից։

“24 saat”

Bənzər məqalələr

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Back to top button