Նիկոլ Փաշինյանը մասնակցել է Եվրասիական միջկառավարական խորհրդի ընդլայնված կազմով նիստին

Loading...

ԵԱՏՄ-ն անցնում է ինտեգրացիոն ներուժի բացահայտման փուլ՝ ի շահ ընդհանուր տնտեսական տարածքի ստեղծման և կայուն տնտեսական աճի, հայտարարել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ Մինսկում Եվրասիական միջկառավարական խորհրդի ընդլայնված կազմով նիստին:

Եվրասիական տնտեսական միությունն աստիճանաբար ավարտում է կայացման փուլը և անցնում է իր ինտեգրացիոն ներուժի բացահայտման փուլ՝ ի շահ ընդհանուր տնտեսական տարածքի ստեղծման, մեր պետությունների կայուն տնտեսական աճի, մրցունակության ամրապնդման և միջազգային ասպարեզում իր տնտեսական շահերի արդյունավետ առաջմղման։

Հաշվի առնելով նոր իրողությունները՝ ավելանում է մեր գործողությունների սերտ համակարգումը մեծացնելու անհրաժեշտությունը՝ որպես անդամ պետությունների՝ համաշխարհային տնտեսության ժամանակակից պայմաններին հարմարվելու հիմք», — ասել է Փաշինյանը:

Վարչապետն ընդգծել է, որ ժամանակակից տնտեսական մարտահրավերների համատեքստում կարևորագույն խնդիրներից մեկը մնում է պարենային անվտանգության ապահովումը։

«Ներկայումս, օբյեկտիվ պատճառներով, գյուղատնտեսական ընդհանուր շուկայում որոշակի տեսակների գյուղատնտեսական ապրանքների մատակարարման սահմանափակումներ են առաջանում, ինչը կարող է բացասաբար ազդել մեր երկրներում գյուղատնտեսության կայուն գործունեության և, ընդհանրապես, Միության պարենային ապահովության վրա», — հայտարարել է Հայաստանի կառավարության ղեկավարը։

Նիկոլ Փաշինյանն ընդգծել է, որ այս առումով, Միության անդամ երկրները պետք է առաջին հերթին կոլեկտիվ հիմունքներով հակազդեն ռիսկերին՝ օգտագործելով համախմբված և փոխընդունելի լուծումներ մշակելու ներուժը՝ նվազագույնի հասցնելով պարենային ապրանքների պակասուրդի հավանականությունը։

«Մեր պետությունների համար Միության շրջանակներում համագործակցությունն առաջնահերթ ուղղություն է, որը թույլ է տալիս ուժեղացնել ավանդական համագործակցությունը և ստեղծել նոր գործընկերային հարաբերություններ՝ միավորման տնտեսական ներուժն իրացնելու նպատակով», — նշել է Փաշինյանը՝ այս համատեքստում կարևրոելով փոխադարձ առևտրի խոչընդոտների վերացումը, արտահանման և ներմուծման նոր լոգիստիկ շղթաների ձևավորումը, ներմուծման փոխարինման զարգացումը և բիզնեսի գործունեության պայմանների հետագա բարելավումը։

«Միայն կառուցողական երկխոսության, բաց լինելու և թափանցիկության պատրաստակամությունը կարող է օգնել այս հարցում դրական դինամիկայի պահպանմանը», — ընդգծել է Հայաստանի վարչապետը:

Նիկոլ Փաշինյանը կարևորել է նաև ալկոհոլային խմիչքների շուկայի հարցի կարգավորումը։

Վարչապետը նաև անդրադարձել է գործընթացների թվայնացմքանը՝ նելով. «Առանց առաջադեմ թվային գործիքների և տեխնոլոգիաների տիրապետման՝ դժվար է մրցակցել համաշխարհային ասպարեզում։ Միության թվային օրակարգի ձևավորման պահից ի վեր արդեն մեկնարկել են մի շարք լայնածավալ նախագծեր, որոնց շնորհիվ մեր երկրների միջև տնտեսական հարաբերությունները դարձել են ավելի պարզ և թափանցիկ՝ դրանց արդյունավետությունը գնահատելու տեսանկյունից»։

«Կարևոր եմ համարում նավիգացիոն կնիքների միջոցով բեռնափոխադրումներին հետևելու համակարգի ձևավորումը, էլեկտրոնային թվային ստորագրությունների փոխադարձ ճանաչումը, ինչպես նաև քննարկումը անդրսահմանային էլեկտրոնային առևտրի, որի աճը մեզ համար նոր մարտահրավերներ է ստեղծում և պահանջում է արտադրանքի անվտանգության, սպառողների իրավունքների պաշտպանության, ինչպես նաև հարկերի և մաքսային մուտքերի ամբողջականության ապահովման հետ կապված խնդիրների արդյունավետ լուծում», — նաև ընդգծել է վարչապետը՝ հավելելով՝ հաշվի առնելով ԵԱՏՄ անդամ երկրների հետ ընդհանուր սահմանների բացակայությունը՝ գործընթացների թվայնացումը կխնայի Հայաստանի ժամանակն ու նյութական ռեսուրսները։

Եվրասիական տնտեսական միության երկրների վարչապետները քննարկել և ընդունել են ներքին շուկայի ամրապնդմանը, տրանսպորտային ենթակառուցվածքների զարգացմանը, մաքսային սակագների կարգավորումներին վերաբերող հարցեր: Անդրադարձ է կատարվել նաև թվային օրակարգի շրջանակում համագործակցությանը:

Նիստում ընդունված որոշմամբ` Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդին հանձնարարվել է ԵԱՏՄ անդամ երկրների կառավարությունների հետ միասին ապահովել, մասնավորապես, ցորենի, գարու, եգիպտացորենի, արևածաղկի սերմերի, շաքարավազի և այլ ապրանքների վերաբերյալ ինդիկատիվ հաշվեկշիռների պատրաստումը:

Եվրասիական զարգացման բանկի վարչության նախագահի տեղակալ Տիգրան Սարգսյանը շնորհանդեսով ներկայացրել է թվայնացման գործընթացի ուղղությամբ առաջիկայում նախատեսվող համատեղ ծրագրերն ու քայլերը:

Նիստում ստորագրվել են համաձայնեցված փաստաթղթերն ու արձանագրությունները:

Որոշում է կայացվել Եվրասիական միջկառավարական խորհրդի հաջորդ նիստն անցկացնել օգոստոսի վերջին` Ղրղզստանում:

“24 saat”

Bənzər məqalələr

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Back to top button