
Երեկ Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենը հայտարարել է Ուկրաինայում ԱՄՆ-ի դեսպանի նախկին պաշտոնակատար Քրիստինա Քվիենին Հայաստանում արտակարգ և լիազոր դեսպանի թեկնածու առաջադրելու մասին:
Քվիենը ծնվել է Կալիֆորնիայում, քաղաքագետի դիպլոմը ստացել է Կալիֆորնիայի Օքսիդենթըլ քոլեջում, սովորել է նաև ԱՄՆ բանակի Ռազմական քոլեջում, Ստոկհոլմի համալսարանում: Դիվանագիտական ծառայության մեջ է 1992 թվականից։ Սկզբում աշխատել է Ֆրանսիայում, Ֆիլիպիններում: Չորս տարի՝ 2001-2005 թվականներին, դիվանագետը ներկայացրել է Միացյալ Նահանգները Եվրամիությունում՝ Բրյուսելում: Դրանից հետո Քվիենին տեղափոխել են Ռուսաստանի Դաշնություն, որտեղ երկու տարի աշխատել է ամերիկյան դեսպանատանը։ 2019-ից բարձր պաշտոններ է զբաղեցրել Կիևում ԱՄՆ դեսպանատանը, 2020-ի հունվարից Ուկրաինայում Միացյալ Նահանգների դեսպանի պաշտոնակատարն էր:
Հայաստանում ԱՄՆ ներկային դեսպան Լին Թրեյսին պաշտոնը ստանձնել է 2019 թվականի փետրվարի 19-ին: