Կանադան չորս նոր դեսպանատուն է բացում, այդ թվում` Հայաստանում

Կանադան չորս նոր դեսպանատուն է բացում Կենտրոնական և Արևելյան Եվրոպայում, այդ թվում՝ Հայաստանում՝ ժողովրդավարության ամրապնդմանը աջակցելու համար, հայտարարել է երկրի արտգործնախարար Մելանի Ժոլին։

«Մենք մեծացնում ենք մեր դիվանագիտական ներկայությունը: Կանադան չորս նոր դեսպանատուն կբացի Էստոնիայում, Լիտվայում, Սլովակիայում և Հայաստանում»,- հայտարարել է արտգործնախարար Մելանի Ժոլին Մադրիդում՝ ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի շրջանակներում:

«Դիվանագիտական այս ընդլայնումը կօգնի Կանադային հասցեական արձագանքել անվտանգության հետզհետե մեծացող սպառնալիքներին, ընդլայնել քաղաքական և տնտեսական համագործակցությունը՝ եվրոպացի դաշնակիցներին աջակցելու նպատակով, հակազդել Ուկրաինայի վրա Ռուսաստանի հարձակման հետևանքներին և աջակցել Հայաստանին՝ ժողովրդավարական զարգացման գործում», – ասվում է Կանադայի արտգործնախարարության հայտարարության մեջ։

Արտաքին քաղաքական գերատեսչությունը նշել է, որ փոփոխությունները նաև «էլ ավելի կմեծացնեն Կանադայի ներգրավվածությունը տարածաշրջանում և կօգնեն դիմակայել Ռուսաստանի ապակայունացնող գործողություններին»:

«Մենք հավատում ենք, որ դիվանագիտությունը մնում է անվտանգությանն ու կայունությանն աջակցելու ամենաարդյունավետ միջոցներից մեկը»,- ասել է Ժոլին Մադրիդում։

Հայտարարությունից անմիջապես հետո պաշտոնական Երևանը ողջունել է այդ որոշումը։

«Սա ևս մեկ անկյունաքարային պահ է հայ-կանադական զարգացող հարաբերություններում, որն էլ ավելի կամրապնդի մեր երկկողմ համագործակցությունը՝ հիմնված ընդհանուր արժեքների վրա»,-Թվիթերում գրել է Հայաստանի արտգործնախարարը։

Մինչ այդ` երեկ, Արարատ Միրզոյանը նաև հեռախոսազրույց էր ունեցել կանադացի գործընկերոջ հետ։ Ըստ պաշտոնական հաղորդագրության` կողմերը զրուցել էին Հայաստանի ժողովրդավարության, Հարավային Կովկասում տիրող իրավիճակի ու մարտահրավերների, ինչպես նաև ղարաբաղյան խնդրի մասին՝ կարևորելով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության դերը:

“24 saat”

Bənzər məqalələr

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button