Մշակույթի նախարարությունն ընդունելի համարելով «Հիսուս Քրիստոս» մոնումենտալ արձանի գաղափարը, միևնույն ժամանակ պահանջում է դադարեցնել ցանկացած գործունեություն հնավայր-ամրոցի տարածքում՝ մինչ սահմանված կարգով նախագծի ներկայացումը և մասնագիտական ուսումնասիրությունը։
Նշելով, որ թեև «Գագիկ Ծառուկյան» հիմնադրամից ստացել են արձանի տեղադրմանը վերաբերող գրությունը և պատասխանել, որ «… քանդակ-համալիրի տեղադիրքը որոշելիս անհրաժեշտ է հաշվի առնել օրենքը և բացառել պատմության և մշակույթի հուշարձանների կամ դրանց պահպանական գոտիների տարածքներում այն տեղադրելուց»՝ նախարարությունը շեշտում է՝ այդուամենայնիվ հիմնադրամից նախագիծ չի ներկայացվել:
ԿԳՄՍՆ-ն տեղեկացնում է նաև, որ «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի մարզային աշխատակիցներն ահազանգել են, որ դեպի Հատիս լեռան գագաթ իրականացվում են ճանապարհի ուղղման և լայնացման աշխատանքներ:
Նախարարությունը հիշեցնում է՝ Հատիս լեռան փեշերին ընդհանուր առմամբ առկա են պատմության և մշակույթի՝ պետական ցուցակում գրանցված շուրջ 20՝ տարբեր դարաշրջաններով թվագրվող հուշարձաններ, իսկ դեռևս 2019-ին հայ-իտալական հնագիտական արշավախմբի ուսումնասիրությունների արդյունքում Հատիս լեռան գագաթին նախնական տվյալներով առկա է բրոնզ-երկաթեդարյան հնավայր-ամրոց, իսկ համաձայն օրենքի, այն ստանում է նորահայտ հուշարձանի կարգավիճակ և պահպանվում է մինչև հուշարձանների պետական ցուցակում ընդգրկվելը`օրենսդրությամբ սահմանված կարգով:
«Գտածոները ոչնչացնող կամ յուրացնող անձը պատասխանատվություն է կրում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով», – ասված է նախարարության պարզաբանման մեջ։
Հուլիսիս 9-ին մեկնարկեց արձանի շինարարությունը․ 33 մետրանոց արձանը կտեղադրվի 44 մետրանոց պատվանդանի վրա ու այդ ամենը կտեղադրվի Հատիս լեռան բարձունքին։ Հայաստանի վարչապետը կառավարության վերջին նիստում այս նախաձեռնությունը դրական գնահատեց, որովհետև կարծում է՝ Հիսուսի արձանը կմեծացնի զբոսաշրջային հետաքրքրությունը: