ԱԱԾ-ն անօրինական միգրացիա կազմակերպող հերթական հանցախումբն է բացահայտել

Հայաստանի Ազգային անվտանգության ծառայությունն (ԱԱԾ) այսօր հաղորդում է անօրինական միգրացիա կազմակերպող հերթական հանցավոր խումբը բացահայտելու մասին:

ԱԱԾ մամուլի կենտրոնի հաղորդագրության համաձայն՝ օպերատիվ-հետախուզական միջոցառումների և քննչական գործողությունների արդյունքում պարզվել է, որ մի խումբ անձինք, նախնական համաձայնության գալով Երևանում գործող տուրիստական գործակալության ղեկավար կազմի հետ, «կատարելով դերերի բաշխում, յուրաքանչյուր անձի հաշվարկով 20 հազարից 26 հազար դոլարի դիմաց կազմակերպել են ՀՀ մի շարք քաղաքացիների անօրինական մեկնումը օտարերկրյա պետություններ և Շենգենյան համաձայնության երկրներ՝ այդ նպատակով մեկնող անձանց անվամբ պատրաստելով աշխատանք ունենալու, աշխատավարձի չափի, այլ եկամուտների, անշարժ ու շարժական գույքերի վերաբերյալ կեղծ փաստաթղթեր, որոնք ներկայացվել են ՀՀ-ում և արտերկրում գտնվող իրավասու մարմիններին»:

Ըստ ԱԱԾ-ի՝ հանցավոր խմբի անդամները «չեն խորշել նույնիսկ պետության հեղինակությունն ու միջազգային վարկանիշն էապես խաթարող այնպիսի կեղծ տեղեկություններ ներկայացնելուց, ինչպիսին են քաղաքական հայացքներով պայմանավորված՝ անձանց որոշ խմբերի նկատմամբ ՀՀ-ում քաղաքական հետապնդումների ենթարկվելու, իշխանությունների կողմից բռնաճնշումներ գործադրելու և այլ մտացածին նույնաբնույթ հանգամանքների վերաբերյալ»:

«Մասնավորապես` վարույթում առկա փաստական տվյալներով հաստատվել է, որ խմբի անդամները մի շարք անձանց տրամադրել են նախապես մշակված տեքստեր այն մասին, թե իբր ՀՀ-ում 2018 թվականից հետո գործող իշխանությունների կողմից քաղաքական ճնշումներ են սկսվել Հանրապետական կուսակցության անդամների և նրանց աջակիցների նկատմամբ, որի արդյունքում չեն դիմացել հալածանքներին, հետապնդումներին և հարկադրված լքել են հայրենիքը, ինչի կապակցությամբ հրահանգավորումներ են կատարել և հորդորել քաղաքացիներին՝ նույնությամբ չկրկնել տեքստի բովանդակությունը: Ավելին, խմբի անդամները նախապես մշակված տեքստերում հատուկ շեշտադրումներ են կատարել այն մասին, որ քաղաքական հայացքներով պայմանավորված՝ հիշյալ անձանց կյանքին ու ազատությանը վտանգ է սպառնում, նրանք կորցրել են իրենց բիզնեսը և այլ մտացածին կեղծ տեղեկություններ՝ հայցելով օտարերկրյա կառավարությանը՝ քաղաքական ապաստան տրամադրել իրենց», – հաղորդում է ԱԱԾ-ը:

Դատախազի կողմից որոշում է կայացվել հանցավոր խմբի անդամներից 6-ի նկատմամբ անօրինական միգրացիայի կազմակերպման, ինչպես նաև կեղծ փաստաթղթեր, կնիքներ պատրաստելու և օգտագործելու համար Քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածներով հանրային քրեական հետապնդում հարուցելու մասին, նրանցից 4-ի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը, 1 անձի նկատմամբ կիրառվել է գրավ, իսկ 1-ի նկատմամբ հայտարարվել է հետախուզում: Նախաքննությունը շարունակվում է:

ԱԱԾ-ը տեղեկացնում է, որ նշված հանցավոր արարքի համար Հայաստանի քրեական օրենսգրքով նախատեսված է ազատազրկում` 4-8 տարի ժամկետով:

“24 saat”

Bənzər məqalələr

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button