Եվրոպական միությունը հաստատել է Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցների 7-րդ փաթեթը: Այդ մասին հայտնել է ԵՄ-ում հերթագայության կարգով նախագահող Չեխիան:
«Փաթեթը գրավոր կարգով պետք է հաստատի Եվրամիության խորհուրդը, դա նախատեսվում է վաղը՝ ժամը 10-ին: Եվրամիության պաշտոնական հանդեսում վաղը հրապարակվելու պահից փաթեթը կմտնի ուժի մեջ»,- հայտնել է Եվրամիության չեխական նախագահությունը:
7-րդ փաթեթով էմբարգո է սահմանվելու ռուսական արտադրության ոսկու վրա, ընդարձակվելու է պատժամիջոցների ցանկում ընդգրկված ֆիզիկական և իրավաբանական անձանց թիվը և հստակեցվելու են ֆինանսական ու առևտրային սանկցիաները:
Արգելվելու է ռուսական ոսկու կիսաֆաբրիկատի և ձուլածո ոսկու գնումը, սակայն ոսկյա զարդերի վրա այդ որոշումը չի տարածվի:
Երկակի նշանակության ապրանքների և տեխնոլոգիաների ցանկին կավելացվեն մի շարք կատեգորիաներ, որոնց մատակարարումը Ռուսաստան արգելված է:
«Սև ցուցակում» կընդգրկվեն ևս 48 ֆիզիկական և իրավաբանական անձինք, այդ թվում պետական պաշտոնյաներ և գործարարներ:
Ցուցակում կընդգրկվի նաև «Գիշերային գայլեր» «հայրենասիրական» մոտոակումբը և դրա ղեկավար՝ «Խիրուրգ» մականունով հայտնի Ալեքսանդր Զալդաստանովը:
Եվրամիությունը նշում է, որ պարենի և պարարտանյութերի վաճառքի վրա արգելքներ չեն սահմանվում:
Վաղը հաստատվելիք որոշմամբ Ռուսատանի նկատմամբ նախկինում արդեն սահմանված բոլոր պատժամիջոցների գործողության ժամկետը կերկարաձգվի ևս կես տարով: