ՄԱԿ-ը հայտարարել է, որ Ուկրաինայից հացահատիկի արտահանումը կվերսկսվի առաջիկա օրերին, միաժամանակ դատապարտելով ռուսական կողմի հարվածը՝ հասցված Օդեսա նավահանգստային քաղաքին պարենի մատակարարումները վերսկսելու պայմանավորվածությունից ժամեր անց:
Հացահատիկի արտահանումը կիրականացվի Օդեսայից և Սև ծովի երկու այլ նավահանգիստներից, հայտնել է ՄԱԿ-ի խոսնակ Ֆարհան Հաքը։ «Մենք պետք է համոզվենք, որ ստեղծված են բոլոր պայմանները նավերի անվտանգ տեղաշարժի համար», – հավելել է նա։
Այնուամենայնիվ, Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն ասել է, որ Ստամբուլում ստորագրված հացահատիկի արտահանման պայմանագրերում ոչինչ չի արգելում Մոսկվային շարունակել «հատուկ ռազմական գործողությունը»՝ ոչնչացնելով ռազմական ենթակառուցվածքները և այլ ռազմական օբյեկտներ։
Ռուսաստանը հայտարարել է, որ իր հրթիռային հարվածները Օդեսայի ռազմական օբյեկտներին չպետք է ազդեն հացահատիկի արտահանումը վերսկսելու համաձայնագրի վրա:
Սպիտակ տունը շեշտել է, որ հարձակումը կասկածի տակ է դնում համաձայնագրին հավատարիմ մնալու Ռուսաստանի մտադրությունները:
Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը պնդել է, որ հարվածները չեն ազդել հացահատիկի արտահանման համար օգտագործվող ենթակառուցվածքների վրա: