Բելառուսը հետ է կանչել Մեծ Բրիտանիայում իր դեսպանին: Բելառուսի ԱԳՆ խոսնակ Անատոլի Գլազի խոսքով՝ որոշումը կայացվել է «Մեծ Բրիտանիայի կողմից ձեռնարկված մի շարք անբարյացակամ քայլերի կապակցությամբ, որոնք համակարգված կերպով ուղղված են Բելառուսի քաղաքացիներին և իրավաբանական անձանց առավելագույն վնաս հասցնելուն»։
Բելառուսը Թագավորությունում ներկայացված կլինի գործերի ժամանակավոր հավատարմատարի մակարդակով։ ԱԳՆ ներկայացուցչի խոսքով՝ Մեծ Բրիտանիան աննախադեպ պատժամիջոցներ և այլ սահմանափակող միջոցներ է կիրառել Բելառուսի քաղաքացիների և բիզնեսի դեմ։
Բրիտանական կողմն առայժմ չի մեկնաբանել պաշտոնական Մինսկի որոշումը։
Մեծ Բրիտանիայի դեսպան Ժակլին Պերկինսը շարունակում է աշխատել Բելառուսում՝ չնայած երկրների միջև հարաբերությունների կտրուկ վատթարացմանը։ Մինսկի և արևմտյան երկրների միջև լարվածությունը սկսեց խորանալ 2020 թվականին Բելառուսում տեղի ունեցած հետընտրական արյունալի բախումների ֆոնին: