Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր շտաբը հերքում է ռուսական կողմի պնդումները, թե ուկրաինական զորքերը հրթիռային հարվածներ են հասցրել Ելենովկայի բանտին, որտեղ ուկրաինացի ռազմագերիներ են պահվում:
Ռուսաստանի պաշտպանության նախարարության և Դոնեցկի ինքնահռչակ հանրապետության իշխանությունների տվյալներով՝ ուկրաինական կողմից բանտին HIMARS հրթիռներով հասցված հարվածների հետևանքով զոհվել է 40 ուկրաինացի գերի, ևս 75-ն էլ վիրավորվել է:
Ուկրաինայի գլխավոր շտաբը հրետակոծությունը ռուս զինվորականների սադրանք է որակել։ «Ուկրաինայի զինված ուժերի կողմից քաղաքացիական ենթակառուցվածքների և բնակչության ենթադրյալ գնդակոծության մասին նման հայտարարությունները բացահայտ սուտ են և սադրանք, որի պատասխանատվությունը կրում է Ռուսաստանը՝ ագրեսորը, օկուպանտը և ահաբեկչությունը հովանավորողը», – ասվում է հայտարարությունում:
Պատերազմի պայմաններում անկախ աղբյուրներին չի հաջողվում հրատապ ստուգել կողմերի պնդումները։