Ռուսաստանում կոռուպցիայի մեղադրանքով ձերբակալվել է Հարավային զինտարածքի հրամանատարի տեղակալ, գեներալ-լեյտենանտ Վիկտոր Վորոնովը:
Խափանման միջոցն այսօր ընտրել է Հարավային զինտարածքի շրջանային զինվորական դատարանը:
Մեղադրող կողմը պնդում է, որ 61-ամյա Վորոնովը բանակի միջոցներից 2 միլիոն ռուբլի է ծախսել սեփական տան բարեկարգման համար: Գեներալ-լեյտենանտը զինտարածքում պատասխանատվություն է կրել նյութատեխնիկական մատակարարման համար:
Նրան ներկայացրել են պաշտոնեական լիազորությունները չարաշահելու, կաշառք վերցնելու, այլ անձանց խարդախության դրդելու և առանձնապես խոշոր չափերով խարդախություն կատարելու մեղադրանք:
Այդ հոդվածներով գեներալ-լեյտենանտը կարող է դատապարտվել ընդհուպ 15 տարվա ազատազրկման:
Վորոնովը նախկինում զբաղեցրել է Արևմտյան զինտարածքի, ապա Հյուսիսային նավատորմի հրամանատարի նյութատեխնիկական մատակարարման գծով տեղակալի պաշտոնները:
Վորոնովի կամ նրա փաստաբանի մեկնաբանությունը ներկայացված մեղադրանքների վերաբերյալ առայժմ չկա, սակայն հայտնի է, որ օգոստոսի սկզբին դատարանը կքննի նրա բողոքը կալանքի որոշման դեմ: