Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնը և Սաուդյան Արաբիայի թագաժառանգ արքայազն Մուհամեդ բին Սալմանը պայմանավորվել են աշխատել՝ «թեթևացնելու ուկրաինական պատերազմի հետևանքները»: Այս մասին հայտարարում է Ելիսեյան պալատը Փարիզում երկու առաջնորդների բանակցություններից հետո:
Ֆրանսիայի նախագահի և Սաուդյան Արաբիայի թագաժառանգի հանդիպումն ուղեկցվում է իրավապաշտպան կառույցների և ընդդիմության կոշտ քննադատությամբ, որոնք հիշեցնում են սաուդցի հայտնի լրագրողի սպանության մասին։ Արևմտյան մի շարք երկրների, այդ թվում՝ Միացյալ Նահանգների հատուկ ծառայությունների համաձայն՝ Ջամալ Խաշոգջիի դաժան սպանությունն իրականացվել է թագաժառանգի իմացությամբ:
Ըստ France-Presse գործակալության՝ սա Մուհամեդ բին Սալմանի առաջին այցն է Եվրոպա վերջին չորս տարվա ընթացքում կամ Թուրքիայում սաուդցի լրագրողի սպանությունից ի վեր։
Էներգետիկ ռեսուրսներով հարուստ Սաուդյան Արաբիայի փաստացի առաջնորդի եվրպական ուղեւորությունը տեղի է ունենում աշխարհում էներգակիրների հետ կապված ճգնաժամի ֆոնին:
Երկու շաբաթ առաջ էլ Միացյալ Նահանգների նախագահ Ջոզեֆ Բայդենն էր այցելել թագավորություն՝ թագաժառնագի հետ էներգետիկ հարցեր քննարկելու նպատակով: