Էնթոնի Բլինքենը պատրաստ չէ Ռուսաստանը ճանաչել ահաբեկչությունը սատարող երկիր

Ամերիկայի Միացյալ Նահանգների պետական քարտուղար Էնթոնի Բլինքենը պատրաստ չէ Ռուսաստանը ճանաչել ահաբեկչությունը սատարող երկիր: Այդ մասին երեկ հայտնել է The New York Times պարբերականը:

Ամերիկյան Սենատը և մի շարք ազդեցիկ քաղաքական գործիչներ պետական դեպարտամենտին հորդորել են Ռուսաստանը դասել ահաբեկչությանը սատարող երկրների շարքում, սակայն Բլինքենը մտավախություն ունի, որ նման որոշում կայացնելու դեպքում Վաշինգտոնը ստիպված կլինի պատժամիջոցներ սահմանել այն դաշնակիցների հանդեպ, որոնք կապեր են պահպանում Ռուսաստանի հետ:

Բացի այս, ինչպես պարբերականն է նշում, Բլինքենը ենթադրում է, որ նման պարագայում հնարավոր չի լինի նույնիսկ նվազագույն մակարդակով դիվանագիտական կապեր պահպանել Ռուսաստանի հետ:

«Գինը, որը Միացյալ Նահանգները և մյուս երկրները ստիպել են Ռուսաստանին վճարել, գործնական առումով միանգամայն հավասար է այն հետևանքներին, որոնք կբխեին Ռուսաստանն ահաբեկչությունը հովանավորող պետություն ճանաչելուց, մենք արդեն դա արել ենք»,- ասել է Բլինքենը:

Նա այդ մեկնաբանությամբ է հանդես եկել այն բանից հետո, երբ Սենատը հավանություն է տվել բանաձևին, որով արտաքին գերատեսչությանը կոչ է արել Ռուսաստանն ահաբեկչության հովանավորող ճանաչել:

Ի պաշտոնե Սենատի այդ բանաձևը սոսկ հանձնարարական բնույթ ունի, և պարտադիր չէ, որ պետական դեպարտամենտն այն կատարի: Սակայն նմանօրինակ բանաձև շրջանառվում է նաև Կոնգրեսի մյուս պալատում՝ Ներկայացուցիչների տանը, և եթե այն ընդունվի, ապա նախագահ Ջո Բայդենի վարչակազմը ստիպված կլինի Ռուսաստանն ահաբեկիչներին սատարող երկիր ճանաչել:

Եթե Վաշինգտոնը գնա այդ քայլին, ապա կպարտավորվի պատժամիջոցներ սահմանել ոչ միայն Ռուսաստանի, այլև Մոսկվայի հետ համագործակցող մյուս պետությունների նկատմամբ:

Բացի այդ, դա քաղաքացիներին կընձեռի ամերիկյան դատարաններում Ռուսաստանի կառավարության դեմ գործեր հարուցելու և կալանքի տակ հայտնված ռուսական պետական ակտիվների հաշվին հատուցում ստանալու հնարավորություն:

Այսօրվա դրությամբ Միացյալ Նահանգները չորս երկիր է ճանաչել ահաբեկչության հովանավորող, այդ ցանկում են Սիրիան, Իրանը, Կուբան և Հարավային Կորեան:

“24 saat”

Bənzər məqalələr

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button