«Ռազմաճակատի մի շարք հատվածներում իրադրությունը ուկրաինական բանակի համար շարունակում է ծայրահեղ ծանր մնալ», – անցած գիշեր հեռարձակված իր ամենօրյա ուղերձում խոստովանել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։
Ուկրաինայի ղեկավարի խոսքով՝ Դոնեցկի մարզի մի շարք բնակավայրերի մոտ ստեղծված օրհասական կացության պատճառը պաշտպանվող կողմի մոտ նկատվող սպառազինության պակասն է։
«Այո, մենք առայժմ չենք կարող հաղթահարել այն առավելությունը, որն ունի ռուսական կողմը հատկապես հրետանու և մարդուժի տեսանկյունից։ Դա հատկապես զգալի է Դոնբասում ծավալված մարտերի ընթացքում՝ Պեսկի, Ավդեևկա բնակավայրերի մերձակայքում։ Այնտեղ իրավիճակն իրոք դժոխային է, բառերով դա նկարագրել պարզապես հնարավոր չէ», – հայտարարում էր Զելենսկին։