«Ուկրաինական հացահատիկ տեղափոխող առաջին նավի ստուգումն ավարտված է», – այսօր հայտնել է Թուրքիայի պաշտպանության նախարարությունը՝ տեղեկացնելով, որ առաջիկա ժամերին Սիերա Լեոնեի դրոշի ներքո նավարկող Razoni բեռնանավը կլքի Բոսֆորի նեղուցը՝ շարունակելով ճանապարհը դեպի Բեյրութ։
26 հազար տոննա եգիպտացորեն տեղափոխող այս նավը Օդեսայի նավահանգիստը լքել էր օգոստոսի 1-ին՝ Ստամբուլի ափամերձ գոտի հասնելով երեքշաբթի երեկոյան։
Ուկրաինայի, Ռուսաստանի, Թուրքիայի և ՄԱԿ-ի միջև կնքված քառակողմ համաձայնագրով Օդեսայի նավահանգստից դուրս եկող և այնտեղ ուղևորվող բոլոր նավերն այսուհետ ևս ենթարկվելու են մանրակրկիտ ստուգման։ Այն իրականացնում են հատուկ այդ նպատակով ստեղծված մոնիտորինգի համատեղ կենտրոնի աշխատակիցները։