Լաչինի միջանցքին առնչվող իրավիճակի հանգուցալուծման համար հստակ քայլեր պետք է ակնկալել ռուսական խաղաղապահ առաքելության կողմից, «Ազատության» հետ զրույցում ասաց իշխող «Քաղաքացիական պայմանագրի» պատգամավոր Վահագն Ալեքսանյանը:
«Լաչինի միջանցքը, պարզ գրված է նոյեմբերի 9-ին ստորագրված եռակողմ հայտարարության մեջ, մասնավորապես ռուսական խաղաղապահ առաքելության վերահսկողության ներքո է մնում, և բնական է, որ այստեղ իրավիճակի հանգուցալուծման համար որոշակի շատ հստակ քայլեր պետք է ակնկալել հենց ռուսական խաղաղապահ առաքելության կողմից», – նշեց պատգամավորը:
Նրա համոզմամբ` ռուսական առաքելությունը պետք է առաջին հերթին, օրինակ, բանակցեր` բանակցային մակարդակով փորձեր հանգստացնել ու զսպել ադրբեջանական կողմին:
«Իսկ ինչ վերաբերում է Ադրբեջանի ագրեսիայի պսևդո պատճառներին կամ դրդապատճառներին, դրանք բոլորովին անհիմն են և չեն բխում հենց նոյեմբերի 9-ի հայտարարությունից, ու հայկական կողմի դիրքորոշումն այն է, որ կողմերի շուրջ յուրաքանչյուր ձեռք բերված համաձայնություն, ինչպիսին օրինակ նոյեմբերի 9-ի հայտարարությունն է, պետք է պահպանել: Ադրբեջանը հիմա լրիվ հակառակն է անում», – շեշտեց Վահագն Ալեքսանյանը:
Պատգամավորի խոսքով` Հայաստանն էլ, իր հերթին, պետք է շատ ակտիվ գործողություններ անի դիվանագիտական դաշտում, առաջին հերթին հենց ռուսական կողմի հետ, «ինչն այս պահի դրությամբ, արվում է»:
Երկուշաբթի օրվանից Արցախում լարված իրավիճակ է: Հայկական կողմը հաղորդել է երկու զոհի, ադրբեջանականը` մեկի մասին:
Շփման գծի լարվածության այս ֆոնին` երեկ Ստեփանակերտը հայտնեց, որ Բաքուն պահանջել է Արցախ-Հայաստան երթևեկությունը նոր երթուղով կազմակերպել։ Այսօր Բաքվի պահանջին Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանն էր արձագանքել` նշելով, որ Արցախը Հայաստանի հետ կապող երթևեկությունը Լաչինի միջանցքի փոխարեն այլ երթուղով կազմակերպելու Ադրբեջանի պահանջը լեգիտիմ չէ։
Ըստ նոյեմբերի 9-ի համաձայնագրի`Հայաստանը Ղարաբաղի հետ կապվելու է Լաչինի միջանցքով, որը չի հասնելու Շուշի, ունենալու է 5 կմ լայնություն և մնալու է ռուս խաղաղապահների վերահսկողության ներքո: Բացի այդ, նախատեսվում էր առաջիկա երեք տարվա ընթացքում հաստատել Լաչինի միջանցքի երկայնքով Ղարաբաղի և Հայաստանի միջև կապն ապահովող նոր երթուղու կառուցման նախագիծ։ Հաստատումից ու շինարարությունից հետո այստեղ ևս կտեղակայվեն ռուսական խաղաղապահ զորքեր՝ երթուղին պաշտպանելու համար, նշված է հայ-ադրբեջանա-ռուսական հայտարարության մեջ: