Բաքվի Բինագադի թաղամասում կահույքի խանութում պայթյունի հետևանքով զոհվել է 3 և վիրավորվել 24 մարդ։
Toplum TV-ն հայտնում է, որ այս մասին ասվում է հունվարի 15-ին Գլխավոր դատախազության եւ ԱԻՆ-ի համատեղ հրապարակած տեղեկատվության մեջ։
Հաղորդվել է, որ դեպքի վայրում նախաքննության ընթացքում բեկորների տակ հայտնաբերվել է 3 մարդու դի։
Միջադեպի հետեւանքով 24 մարդ ստացել է տարբեր աստիճանի վնասվածքներ։ Տուժածներից 6-ը առաջին բուժօգնություն ստանալուց հետո դուրս են գրվել տուն, իսկ մյուսների բուժումը շարունակվում է հիվանդանոցում։ Նրանց ցուցաբերվել է անհրաժեշտ բուժօգնություն, վիճակը կայուն է։
Հարուցվել է քրեական գործ՝ Քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածներով։
Նշանակվել են համապատասխան փորձաքննություններ՝ պարզելու պայթյունի պատճառը, վնասի չափը, ինչպես նաև գործով կարևոր այլ հարցեր։
Նշվել է, որ այս պահին շարունակվում են անհրաժեշտ քննչական և օպերատիվ միջոցառումները։