ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Բեն Քարդինը կոչ է արել Ադրբեջանի կառավարությանը դադարեցնել հետապնդումները լրագրողների և ընդդիմադիր ակտիվիստների նկատմամբ։
Toplum TV-ն հայտնում է, որ այս մասին Քարդինը գրել է հունվարի 29-ին «X» աքաունթում։
«Լրագրողների վրա Ադրբեջանի հարձակումը, ընդդիմադիր ակտիվիստների ապօրինի ձերբակալությունը և անդրազգային ռեպրեսիաների կիրառումը հակաժողովրդավարական մարտավարություն են»,- ընդգծել է սենատորն իր հայտարարության մեջ։
Նա նաև նշել է, որ պաշտոնական Բաքուն պետք է ազատ արձակի քաղբանտարկյալներին և դադարեցնի հետապնդումները, որպեսզի դառնա միջազգային հանրության մաս մինչև COP29:
Ադրբեջանն այս տարվա նոյեմբերին կհյուրընկալի COP29 – ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության համաժողովը:
Ադրբեջանում վերջերս մեծ թվով լրագրողներ, հասարակական-քաղաքական ակտիվիստներ են ձերբակալվել։
Շատ տեղական և միջազգային իրավապաշտպան կազմակերպություններ դրանք գնահատել են որպես քաղաքական ձերբակալություններ և ասել, որ երկրում ժողովրդավարական ազատությունները վտանգի տակ են։