Քննչական մարմինը չեղարկել է Abzas Media առցանց հրատարակության ձերբակալված աշխատակիցների հարազատների հետ հանդիպումների և հեռախոսազրույցների արգելքը։ Այս մասին Turan-ին հայտնել է հրատարակության աշխատակիցներից մեկի փաստաբան Այշա Աբդել Քադիրը։
Ձերբակալված լրագրողների մեկ այլ փաստաբան Շահլա Հումբատովան հաստատել է տեղեկությունը, որ «Աբզաս Մեդիա»-ի աշխատակիցների հարազատների հետ հեռախոսային խոսակցությունների ու հանդիպումների արգելքը հանվել է։
* Անցյալ տարվա նոյեմբերի 20-ին ձերբակալվել է Abzas Media-ի տնօրեն Ուլվի Հասանլին։ Նույն օրը խուզարկվել է նրա տունը եւ Abzas Media-ի գրասենյակը, որտեղ ոստիկանները «գտել» են 40 հազար եվրո։
Նույն օրը բերման են ենթարկվել Abzas Media-ի փոխտնօրեն Մահամմադ Կեկալովը, իսկ նոյեմբերի 21-ին՝ գլխավոր խմբագիր Սեւինջ Վագիֆքիզին։ Որոշ ժամանակ անց ձերբակալվել է լրագրող Նարգիզ Աբսալամովան, իսկ դեկտեմբերի 13-ին՝ հետաքննող լրագրող Հաֆիզ Բաբալին։
Հունվարին ձերբակալվել էր լրագրող Էլնարա Գասիմովան։
Նրանց բոլորին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 206.3.2 հոդվածի հատկանիշներով (մաքսանենգություն, երբ այն կատարվել է մի խումբ անձանց կողմից, որոնք նախապես համաձայնեցված են եղել) և սպառնում է ազատազրկում 5-ից 8 տարի ժամկետով։
Միջազգային լրագրողական կազմակերպությունները կոչ են արել Ադրբեջանի իշխանություններին անհապաղ ազատ արձակել ձերբակալված լրագրողներին և դադարեցնել ճնշումները անկախ լրատվամիջոցների վրա։