Ապրիլի 2-ին Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը և Թուրքիայի պաշտպանական արդյունաբերության կոմիտեի նախագահ Հալուք Գյորգյունը քննարկել են ռազմաարդյունաբերական համալիրի ոլորտում փոխգործակցության ընդլայնման հարցեր։
Ադրբեջանի պաշտպանության նախարարության տեղեկատվության համաձայն, Հասանովը վստահություն է հայտնել, որ Ադրբեջանի և Թուրքիայի միջև իրականացվող համատեղ արտադրական նախագծերն էլ ավելի կբարձրացնեն երկու եղբայրական երկրների բանակների պաշտպանական հզորությունը։
Իր հերթին Հալուք Գյորգյունն ընդգծել է, որ պետությունների ղեկավարների բարեկամական հարաբերությունները դրական են ազդում ինչպես ռազմական համագործակցության, այնպես էլ այլ ոլորտներում։
Հանդիպմանը մասնակցել են նաև Թուրքիայի առաջատար ռազմարդյունաբերական ընկերությունների ղեկավարները, որոնց հետ քննարկվել են ռազմական և ռազմատեխնիկական համագործակցության զարգացման հեռանկարները։