Երկուշաբթի կեսօրին Կրեմլում կայացել է Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի նախագահներ Վլադիմիր Պուտինի և Իլհամ Ալիևի հանդիպումը։ Ողջունելով Ալիևին՝ Պուտինն ասել է, որ այս օրերին նշվում է Բայկալ-Ամուր մայրուղու 50-ամյակը։ «Բոլորը լավ գիտեն, որ ձեր հայրը շատ կարեւոր դեր է ունեցել, ղեկավարել է կառավարական հանձնաժողովը, բազմիցս գնացել է շինհրապարակ։ Իրականում նա ամբողջ Խորհրդային Միության համար կարեւոր այս մեծ նախագծի կազմակերպիչներից էր։ Մենք ոչ միայն գիտենք այդ մասին, այլեւ հիշում ենք եւ շատ շնորհակալ ենք նրան, վառ ենք պահում նրա հիշատակը»,- ասել է Պուտինը։
«Վստահ եմ, որ ձեր հոր կողմից այս հսկայական նախագծի իրականացման համար ծախսված բոլոր ջանքերը, աշխատանքն ու տարիները մեծ դեր են խաղում ոչ միայն Ռուսաստանի, այլև ողջ ԱՊՀ-ի համար»,- շարունակել է Պուտինը։
Անդրադառնալով երկկողմ հարաբերություններին՝ ՌԴ նախագահն ասել է, որ փոխադարձ ապրանքաշրջանառությունն աճում է և գերազանցում է 4 մլրդ դոլարը։
Ռուսաստանի ներդրումները Ադրբեջանի տնտեսության մեջ կազմում են 6 մլրդ.
«Անկասկած իրավիճակի մասին խոսելու ենք տարածաշրջանում անվտանգության ապահովման տեսանկյունից։ Այստեղ շատ հարցեր կան, դրանք շատ զգայուն հարցեր են։ Մենք ձեզ հետ կխոսենք դրանցից յուրաքանչյուրի մասին»,- ասել է Պուտինը։
Ի պատասխան Իլհամ Ալիևն ասել է, որ Ադրբեջանում բարձր են գնահատում Ռուսաստանի ղեկավարության և հասարակության վերաբերմունքը Հեյդար Ալիևի հիշատակին։
«Ավելի քան երկու տարի մենք աշխատում ենք Դաշինքային համագործակցության մասին հռչակագրի շրջանակներում, որը հիմնական քաղաքական փաստաթուղթն է, որը մենք ստորագրել ենք այստեղ՝ Կրեմլում 2022 թվականի փետրվարին, որը նախատեսում է մեր հարաբերությունների հետևողական զարգացումը ապագայում։ – ասել է Ալիևը։
Բանակցությունների օրակարգում են «Հյուսիս-Հարավ» միջազգային տրանսպորտային միջանցքը, ինչպես նաև տարածաշրջանային անվտանգության հարցեր։
«Մենք ուրախ ենք, որ դրանք լուծվում են։ Ռուսաստանը առանցքային երկիր է տարածաշրջանային անվտանգության տեսանկյունից Կովկասում և ավելի լայն աշխարհագրությունում։ Եվ շատ բան կախված է մեր երկրների փոխգործակցությունից։ Մենք նպատակ ունենք ամրապնդել վստահության, համագործակցության, փոխըմբռնման միջոցները և լուծել բոլոր խնդիրները փոխադարձ համագործակցության և փոխադարձ շահերի շրջանակում»,- ասել է Ալիևը։