Անցած գիշեր Թբիլիսիի կենտրոնում «Օտարերկրյա գործակալների մասին» օրենքի ընդունման դեմ բողոքի ակցիաների ժամանակ ձերբակալվել է 63 ընդդիմադիր։ Այդ մասին չորեքշաբթի ճեպազրույցում ասել է Վրաստանի ներքին գործերի փոխնախարար Ալեքսանդր Դարախվելիձեն։
Այս օրենքի նախագիծն այսօր կրկին կքննարկվի Վրաստանի խորհրդարանում, իսկ դրա ընդդիմախոսները կրկին հավաքվում են առավոտյան։
Այս օրենքը նախատեսում է օտարերկրյա ֆինանսավորում ստացող լրատվամիջոցների և հասարակական կազմակերպությունների ռեգիստր ստեղծել և նրանց համար տարեկան պարտադիր ֆինանսական հաշվետվությունների ներդրում։
Երկրորդ ընթերցմամբ օրինագծի հոդվածներով քննարկումը սկսվեց ապրիլի 30-ին և տևեց մոտ ինը ժամ։ Այս փուլում 11 կետից բաղկացած օրենքի նախագծի միայն երեք հոդվածի քննարկումն է ավարտվել։ Նախատեսվում է, որ օրինագիծը կհաստատվի մայիսի 17-ին։
Իշխանությունները հիմնավորել են այս օրինագծի վերակենդանացումը, որը հետ է կանչվել 2023 թվականի մարտին զանգվածային բողոքի ակցիաների պատճառով՝ պատճառաբանելով, որ օտարերկրյա դոնորները մեծացրել են «Վրաստանում արմատական խմբավորումների և կուսակցությունների գաղտնի ֆինանսավորումը»։