Երեքշաբթի օրը Միացյալ Նահանգները սատարել է Միջազգային քրեական դատարանի կողմից ՌԴ պաշտպանության նախկին նախարար Սերգեյ Շոյգուի և ՌԴ ԶՈւ գլխավոր շտաբի պետ Վալերի Գերասիմովի ձերբակալման օրդերները։ Նրանք մեղադրվում են Ուկրաինայում ռազմական հանցագործությունների մեջ, հայտնել է Turan-ի Վաշինգտոնի թղթակիցը։
Շոյգուին և Գերասիմովին մեղադրանք է առաջադրվել «քաղաքացիական օբյեկտների վրա հարձակում կազմակերպելու» և «քաղաքացիական բնակչությանը կամ քաղաքացիական օբյեկտներին չափից ավելի պատահական վնաս պատճառելու» համար։
Նրանք նաև մեղադրվում են «մարդկության դեմ հանցագործությունների մեջ՝ անմարդկային արարքների տեսքով»՝ հրթիռակոծելով Ուկրաինայի էներգետիկ ենթակառուցվածքը, ասվում է Հաագայի միջազգային քրեական դատարանի հայտարարության մեջ։
Վաշինգտոնը ողջունել է այս որոշումը։ «Մենք հստակ նշել ենք, որ ռուսական զորքերը վայրագություններ են կատարել Ուկրաինայի վրա անօրինական հարձակման ժամանակ և պետք է պատասխանատվություն կրեն այդ վայրագությունների համար», – ամենօրյա ճեպազրույցում Turan-ի թղթակցի հարցին ի պատասխան ասել է Պետդեպարտամենտի ներկայացուցիչ Մեթյու Միլլերը։
«Մենք աջակցում ենք Ուկրաինայում Ռուսաստանի վայրագությունների վերաբերյալ մի շարք միջազգային հետաքննությունների, այդ թվում՝ Միջազգային քրեական դատարանի հետաքննությանը»,- հավելել է Միլլերը։
Ժնևի կոնվենցիաների համաձայն՝ քաղաքացիական բնակչության և քաղաքացիական ենթակառուցվածքների վրա հարձակումը ռազմական հանցագործություն է։ Անցյալ տարի Միջազգային քրեական դատարանը նաև ձերբակալության օրդեր է տվել Վլադիմիր Պուտինին և նրա երեխաների իրավունքների հանձնակատար Մարիա Լվովա-Բելովային՝ ուկրաինացի երեխաներին Ռուսաստան արտաքսելու համար։