ԱՄՆ-ն Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության հասնելու հնարավորություններ է տեսնում. Այս մասին այսօր Բաքվում կայացած ճեպազրույցում ասել է պետքարտուղարի Եվրոպայի եւ Եվրասիայի հարցերով օգնական Ջեյմս Օ՛Բրայենը։
Նա նշել է, որ «հակամարտության կարգավորումը շահավետ կլինի ողջ տարածաշրջանի համար, միևնույն ժամանակ՝ տնտեսական օգուտներ կբերի»։
Անդրադառնալով Հայաստանի և Ֆրանսիայի միջև ռազմական մատակարարումների վերաբերյալ պայմանավորվածություններին, ամերիկացի դիվանագետն ասաց, որ «յուրաքանչյուր երկիր ունի ինքնապաշտպանության իրավունք»։
«Մենք տեսնում ենք, որ Ադրբեջանը նույնպես աշխատում է այս ուղղությամբ»,- հավելեց նա։
Ըստ Օ՛Բրայենի՝ նոր զինատեսակների գնումը նույնպես «ցուցանիշ է, որ կողմերի միջև շատ քիչ վստահություն կա»։ «Եվ դա հասկանալի է, քանի որ խոսքը 30 տարվա հակամարտության մասին է»,- հավելել է ամերիկացի դիվանագետը։
Նա նշել է, որ կողմերն աշխատում են խաղաղության և վստահության ստեղծման ուղղությամբ։
Օ’Բրայենը նշեց, որ Հայաստանը աջակցում է Ադրբեջանի կողմից COP-29-ի ընդունմանը, Ադրբեջանի կողմից ձերբակալված հայերի ազատ արձակմանը, սահմանների սահմանազատման գործընթացին` այդ քայլերն անվանելով «դրական» գործողություններ։
Օ՛Բրայենը հայտնել է, որ ԱՄՆ-ն Ադրբեջանին և Հայաստանին հրավիրել է հուլիսի 9-11-ը Վաշինգտոնում կայանալիք ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի շրջանակներում միջոցառումներին։
«Մենք ակնկալում ենք երկու երկրների մասնակցությունը։ Ընդհանուր առմամբ, ակնկալվում է, որ կմասնակցի 30 երկիր, այդ թվում՝ այս երկրները»,- ասել է Օ՛Բրայենը։
Կլիմայական COP29-ի առաջիկա գագաթնաժողովի վերաբերյալ ամերիկացի դիվանագետը նշել է, որ ԱՄՆ-ը տեխնիկական աջակցություն կտրամադրի Ադրբեջանին այս միջոցառման անցկացման հարցում։
Օ՛Բրայենը նաև ուշադրություն է հրավիրել այն փաստի վրա, որ Բաքվում կայացած հանդիպումներում շոշափվել է մարդու իրավունքների և ժողովրդավարության ապահովման կարևորությունը։
Նա նշել է Ադրբեջանի դերը Եվրոպայի էներգամատակարարման գործում։
«Որոշ եվրոպական երկրներ ամբողջությամբ հրաժարվել են ռուսական գազից, որոշները կրճատել են գնումները։ «Ադրբեջանը դարձել է այն երկրներից մեկը, որը առաջատար դեր է խաղում Եվրոպայում էներգիայի աղբյուրների դիվերսիֆիկացման գործում»,- ասել է Օ՛Բրայենը։