«Մուսավաթ» կուսակցությունը սեպտեմբերի 1-ին կմասնակցի Միլլի Մեջլիսի արտահերթ ընտրություններին։ Այս որոշումն ընդունվել է կուսակցության այսօրվա նիստում։
Կուսակցության նախընտրական շտաբը ստեղծվել է, շտաբը կգլխավորի վեհաժողովի նախագահ Արիֆ Հաջիլին։
«Մուսավաթ» կուսակցության կենտրոնական գործադիր գրասենյակի ղեկավար Գուլագա Ասլանլին Turan-ին հայտնել է, որ ընտրություններին մասնակցելու օգտին է արտահայտվել 51 անդամ, դեմ՝ 19, ձեռնպահ՝ երկուսը։
«Մուսավաթը դեմոկրատական կուսակցություն է, եւ այնտեղ որոշումները կայացվում են ժողովրդավարական հիմքի վրա։ Հանդիպմանը ելույթ են ունեցել վեհաժողովի 14 անդամներ։ Ընտրություններին մասնակցել-չմասնակցելու վերաբերյալ տարբեր կարծիքներ էին հնչում։ Բայց ի վերջո որոշումը կայացվել է ձայների մեծամասնությամբ։ «Վեհաժողովը վստահել է կուսակցության դիվանին պատգամավորի թեկնածուներ առաջադրելու լիազորությունը»,- ասել է Գուլագա Ասլանլին։