Հուլիսի 31-ին Բաքվի վերաքննիչ դատարանը քննել է թալիշ հետազոտող Իքբալ Աբիլովի ձերբակալության դեմ բողոքը։ Նա հերքել է մեղադրանքը։ «Իքբալ Աբիլովն ասել է, որ զբաղվում է միայն գիտական գործունեությամբ ու հետազոտությամբ։ Նա հայտարարել է, որ ընդհանրապես չի հասկանում մեղադրանքը»,- ասել է փաստաբան Ռովշանա Ռահիմովան։ Պաշտպանական կողմը նույնպես կարծում է, որ մեղադրանքը չունի նյութական իրավական հիմք և հիմնված է միայն նախաքննության սուբյեկտիվ ենթադրությունների վրա։ Փաստաբանը հայտնել է, որ կձեռնարկվեն բոլոր օրինական քայլերը՝ Աբիլովի իրավունքները պաշտպանելու և վերականգնելու համար։
Իքբալ Աբիլովը ձերբակալվել է հուլիսի 22-ին, երբ նա եկել էր Ադրբեջան՝ իր հարազատներին տեսակցելու։ Նրան մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 274-րդ (պետական դավաճանություն), 281.3 (օտարերկրյա կազմակերպությունների կամ նրանց ներկայացուցիչների ցուցումով պետության դեմ ուղղված բացահայտ կոչեր) և 283.1 (ազգային, ռասայական, սոցիալական կամ կրոնական ատելություն և թշնամանք հրահրելը):
Ենթադրվում է, որ այս բոլոր հանցագործությունները կատարվել են Աբիլովի հայկական հատուկ ծառայությունների հրահանգով։
Աբիլովը հերքում է մեղադրանքները։