Ընդդիմադիր «Մուսավաթ» կուսակցությունը դատապարտել է այն փաստը, որ իշխանությունները հետաձգել են տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների հայտարարումը և բացատրություն պահանջել քաղաքացիների իրավունքների ոտնահարման վերաբերյալ։
Նոյեմբերի 5-ին Մուսավաթ կուսակցության վարչության նիստում քննադատության է ենթարկվել Ընտրական օրենսգրքով նախատեսված ժամկետում ավագանու ընտրություններ չհայտարարելը։
«Ընթացիկ ժամկետի ավագանու լիազորությունները լրանում են դեկտեմբերի 23-ին։ Համաձայն Ընտրական օրենսգրքի՝ ավագանու հաջորդ ընտրությունները պետք է հայտարարվեին հոկտեմբերի 24-ից ոչ ուշ»,- նշել են կուսակցությունից։
«Մուսավաթ» կուսակցությունը իշխանություններից պահանջել է «հնազանդվել օրենքներին և հայտարարություն անել քաղաքացիների ընտրական իրավունքների կոպիտ խախտումների մասին»։
Ընտրությունների մոնիտորինգի դաշինքի ղեկավար Մամեդ Մամեդզադեն նշել է, որ ըստ օրենքի՝ ընտրությունները պետք է անցկացվեն դեկտեմբերին, սակայն ԿԸՀ-ն չի հայտարարել ընտրությունների օրը։ Ընտրական օրենսգրքի համաձայն՝ ընտրությունների օրը պետք է հայտարարվի քվեարկության օրվանից առնվազն 60 օր առաջ։
«Դեկտեմբերին կայանալիք ընտրությունների որոշումը պետք է կայացվի հոկտեմբերին։ Ընտրական գործընթացի հետ կապված ժամկետի խախտումը Սահմանադրության 56-րդ հոդվածով նախատեսված քաղաքացիների ընտրության և ընտրվելու իրավունքի խախտում է։ Սա նույնպես կարելի է համարել Ընտրական օրենսգրքի մի շարք հոդվածների խախտում»,- ասաց նա։
Մամեդզադեն կարծում է, որ ԿԸՀ-ն պետք է հանրությանը տեղեկացնի ընտրությունների ժամանակին չկայացման պատճառների մասին։
Կենտրոնական ընտրական հանձնաժողովը չի մեկնաբանում ընտրություններ չհայտարարելու վերաբերյալ քննադատությունները։