Այսօր Բաքվի Նիզամիի շրջանային դատարանը ևս 2 ամսով երկարացրել է նախկին դիվանագետ Էմին Իբրահիմովի կալանքի նախնական ժամկետը, Turan-ին հայտնել է նրա փաստաբան Ագիլ Լայջը։
Պաշտպանական կողմը դատարանի որոշումը համարում է անհիմն։ Փաստաբանի խոսքով՝ Իբրահիմովի նկատմամբ քննչական գործողություններ չեն իրականացվել։ Նախկին դիվանագետին իբր դանակահարած անձի հետ առերեսում չի եղել.
Դատավարության ժամանակ Իբրահիմովն ասել է, որ արդարադատություն չի ակնկալում իրավական համակարգից, քանի որ փորձագետը իր մատնահետքերը «հայտնաբերել» է դանակի վրա, որը երբեք չի տեսել։
Պաշտպանական կողմը բողոքարկելու է Իբրահիմովի ազատազրկման ժամկետը երկարացնելու որոշումը։
* Էմին Իբրահիմովը ձերբակալվել է հուլիսի 22-ին։ Նրան մեղադրանք է առաջադրվել Ադրբեջանի քրեական օրենսգրքի 126.2.4 (դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելը խուլիգանությամբ) և 221 (խուլիգանություն) հոդվածներով։ Այս մեղադրանքներով նրան սպառնում է մինչև 11 տարվա ազատազրկում։
Հուլիսի 24-ին դատարանը նրան կալանավորել է 4 ամսով։ Իբրահիմովը ի նշան բողոքի հացադուլ է հայտարարել։ Նա վստահ է, որ ձերբակալության իրական պատճառը իշխանությունների քննադատությունն է։
Էմին Իբրահիմովը նախկինում աշխատել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության համակարգում։ 2012-2016 թվականներին եղել է ԱՄՆ-ում Ադրբեջանի դեսպանատան երկրորդ քարտուղարը, իսկ 2016-2020 թվականներին՝ Ուրուգվայում Ադրբեջանի գործերի ժամանակավոր հավատարմատարը։ Ավելի ուշ նա հեռացավ դիվանագիտական ծառայությունից, քանի որ համաձայն չէր կառավարության քաղաքականությանը։
Դրանից հետո նա սոցցանցերում քննադատել է իշխանությանը։