Վրաստանի խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Նիկոլոզ Սամխարաձեն Եվրամիությանը խնդրել է չօգտագործել «Հարավային Օսիա» տերմինը։ Այդ մասին նա հայտարարել է հանձնաժողովի նիստում, որին մասնակցել է Վրաստանի հարցով Եվրախորհրդարանի մշտական զեկուցող Սվեն Միքսերը։
Վրաց պատգամավորի խոսքով՝ Հարավային Օսիան ստալինյան ժամանակաշրջանի տերմին է, որը Վրաստանի Սահմանադրությամբ չի ճանաչվում։ Վրաստանի իշխող ուժի ներկայացուցչի պնդմամբ՝ Հարավային Օսիայի փոխարեն պետք է օգտագործել «Ցխինվալիի շրջան» անվանումը։
«Տհաճ է, երբ Եվրամիությունը կամ Վրաստանի որևէ գործընկեր պետություն օգտագործում է Ստալինի դարաշրջանի անվանումը», – հայտարարել է Սամխարաձեն։
Եվրոպացի պատգամավորը դիտողությունը «կարևոր» է գնահատել և խոստացել «հաշվի առնել»։